Սա շատ բարդ տարի էր և՛ մեր տարածաշրջանի, և՛ միջազգային հարաբերությունների համար: Ինչպես և առաջ, այսօր էլ ՀՀ առաջ ծառացած ամենագլխավոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն է, որին այսօր ավելացել է Ադրբեջանի հետ բանակցություններն առաջ տանելու ու խաղաղության հասնելու օրակարգը, որը բարդ է, բայց պետք է իրականացվի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին շարունակում է կարծել, որ գլխավոր հարցը շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը և արցախցիների պաշտպանությունը՝ նպաստելով, որ այդ հարցը մնա օրակարգում»,- ասաց նա:
Սաֆարյանի խոսքով, ուկրաինական զարգացումների այս մեկ տարվա ընթացքում բյուրեղացավ այն մոտեցումը, որ Հայաստանն այս իրավիճակում պետք է կարողանա ունենա այնպիսի արտաքին քաղաքական կուրս, որը մեր երկիրը հեռու կպահի փորձություններից ու հնարավորություն կտա նվազագույն հետևանքներով դուրս գա այս իրավիճակից:
Ցավոք, նա դեռ չի տեսնում այն կետը, որից հետո սկսվելու է խաղաղության փնտրտուքը. սա այն բախումն է, ասաց Սաֆարյանը, որտեղ Ռուսաստանը չի կարող պարտվել, և չի կարող պարտվել նաև Արևմուտքը։
«Այս փակուղային իրավիճակում ես դեռ չեմ տեսնում հաշտության ու իրար ձեռք մենկելու տարբերակներ: Եվ այս պայմաններում մեր երկրի առաջ խնդիր է ծառացած բազմավեկտոր ողջ զինանոցի բոլոր գործիքների գործադրմամբ պահել ՌԴ-ն մեր դաշնակիցը: Բայց, մյուս կողմից, Արցախի ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանելու համար մեզ բնական դաշնակիցներ են պետք, դրանք կարծես գտնվում են, բայց նրանց ռեսուրսը պետք է օգտագոծել ոչ թե այնպես, որ մեր մյուս բարեկամների մոտ թերահավատություն ու կասկած առաջացնի, այլ կարողանանք դա բերել կառուցողական երկխոսության”,- ասաց Արամ Սաֆարյանը:
Իր տպավորությունն այն է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ չէ, որ բացատրել են ժողովրդին: Ժողովուրդը վատ է տեղեկացված, թե ինչ տրամաբանական շղթայով են աշխատում իշխանությունները.
“Ես զգում եմ, որ նրանք դրսում ինչ-որ հավաստիացումներ են ստացել, բայց ես կիսում եմ բնակչության մեծամասնության այն կարծիքը, որ մեր արտաքին քաղաքական կուրսը հասկանալի չե ժողովրդին: Եթե մեր հասարակությունը լինի ավելի տեղեկացված, ապա դա կպակասեցնի լարվածությունը և կմեծացնի վստահությունը գործող իշխանությունների քայլերին”:
Քաղաքական վերլուծաբանը շեշտեց՝ մեծ քննություն է Հայաստանում, մեծ իմաստություն ու ջանքեր են պետք, որպեսզի մեր դաշնակիցների շրջանում, առաջին հերթին ՌԴ-ում, վստահ լինեն.
“Հստակություն է պետք. Մոսկվայում պետք է իմանան, որ այս բարդ վիճակում Հայաստանը չի հեռանալու, չի դավաճանելու: Կարծում եմ, որ մեր պետությունների ղեկավարների, ԱԳՆ-ների, ՊՆ-ների միջև վստահելի հարաբերությունները հիմա բռնում են քննություն և պետք է ցույց տան, որ եթե կողմերը դժգոհ են, ապա ի՞նչ է արվում այս իրավիճակը կարգավորելու համար»:
Նա նաև զգուշացրեց՝ ՀՀ իշխանությունները չպետք է գայթակղվեն այս փուլում, որովհետև այդ գայթակղությունների ետևում հնարավոր է թաքնված են լուրջ սպառնալիքներ:
«Սխալ կլինի ՀՀ կողմից փորձել խաղալ ռուսների, ամերիկացիների և ֆրանսիացիների հակասությունների վրա: Սխալ կլինի, եթե մենք, ի տարբերություն նախորդ երեսուն տարիների գործունեության, կարծենք, թե կարող ենք ՌԴ-Արևմուտք առճակատումից դիվիդենտներ շահել. այդ հակասությունները մեր տարածքում ու քաղաքական դաշտում պետք է նվազագույն ազդեցություն ունենան, իսկ ՀՀ-ն պետք է լինի կանխատեսելի գործընկեր իր դաշնակիցների համար»,- հավելեց Սաֆարյանը: