26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Ղարաբաղյան հակամարտության համաձայնեցված լուծումը բխում է տարածաշրջանի յուրաքանչյուր ժողովրդի շահերից։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` նշելով, որ ԱՄՆ հանձնառությունն այս հարցում չպետք է կասկածի տակ դրվի։

Ուորլիքի խոսքով, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը, իսկ քննարկման համար կան հետաքրքիր գաղափարներ։

«Մենք պատրաստենք դրանք քննարկել և կքննարկենք։ Ես հանդիպել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- տեղեկացրել է Ուորլիքը` ընդգծելով, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում կքննարկի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվն ու վայրը։

Ամերիկացի համանախագահի խոսքով, նման հանդիպումներ կազմակերպելը հեշտ չէ, սակայն դրանք «կարևոր են, քանզի նախագահները հանդիպելով, ավելի լավ են ճանաչում մեկը մյուսին, կիսվում մտքերով»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աջակցում են նման երկխոսության զարգացմանը: Խաղաղության ժամանակն է եկել` եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Երեխաներն արժանի եք հակամարտության խաղաղ կարգավորման և ես գիտեմ, որ այդ օրը կգա։ Մենք ցանկանում ենք դրան հասնել բանակցությունների ճանապարհով»,-ասել է նա։

Ուորլիքը նաև հավելել է, որ Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ իրենք կփորձեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։