VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը եւ քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակվելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում լարում էր առաջացել, եւ պետնախարարի հրաժարականի, անգամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման էր բարձրացել։ Հիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական կողմը պահանջում է Վարդանյանի հրաժարականը` Արցախի ճանապարհը բացելու դիմաց: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պասիվ դիտորդի կարգավիճակ է ստանձնել` ո՛չ ճանապարհն է բացում, ո՛չ Ադրբեջանին է սաստում, ո՛չ Արցախի ներքաղաքական կյանքին է խառնվում: Իսկ բլոկադան սրել է մթնոլորտը եւ բանակների է բաժանել համերաշխ Արցախը: Մեր աղբյուրն ասում է, որ Արայիկ Հարությունյանը բավականին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նրան Կրեմլում ավելի են վստահում եւ գրեթե ուղիղ տեքստով ասել են` եթե Վարդանյանը խանգարում է, ազատեք, նրան մենք չենք նշանակել: Հարությունյանի կողմնակիցներն ասում են, որ նա Մոսկվայից բավականին բարձր տրամադրությամբ է վերադարձել: Հիմա Վարդանյանն է Մոսկվայում ճշտում իր հանդեպ վերաբերմունքը: Հնարավոր է, որ վերադառնալով` նա կամովին հրաժարական տա` որպես ստեղծված իրավիճակը լիցքաթափելու միջոց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը։ Քննարկման ժամանակ, կամա, թե ակամա, Աննա Վարդապետյանը խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի մասով այս քրեական հետապնդումը հարուցվել է նաեւ այն պատճառով, որ վերջինս չի միջնորդել վաղեմության հիմքով գործը կարճելու համար։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հարց ուղղելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց. «Եթե Սեյրան Օհանյանը ներկայանար Ձեզ կամ մարմնին համապատասխան եւ ընդուներ իր մեղքը, ենթադրենք՝ խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, ի՞նչ տեղի կունենար»։ «Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ, որովհետեւ այստեղ մի անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ», -ասաց գլխավոր դատախազը:
Այսինքն՝ նա խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի ետեւից եկել են խորհրդարան միայն այն պատճառով, որ վերջինս չի խնդրել վաղեմության ժամկետ կիրառել։ Ընդ որում՝ այս հարցն ու ձեւակերպումը հնչեց տարբեր կերպ եւ ամբողջ քննարկման ժամանակ։ Ուշագրավ մտքեր հնչեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ելույթ ունենալիս նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։ Այստեղ թերեւս պետք է հիշեցնել, որ նախորդ տարի՝ 2022թ. ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցերից մեկով վաճառքի հանվեց Երեւանում եւ մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հողատարածքներ։ Ընդ որում՝ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշել էր ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաեւ Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում: Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ, սակայն, Սեյրան Օհանյանին մեղադրում էին, թե նրա օրոք վաճառվել է Նախիջեւանի սահմանին գտնվող զորամասը։ Նկատենք՝ ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել էր, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, եւ ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի:
«Հրապարակ» թերթը գրում է. Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկված 3 նախագծերից մեկը գաղտնի էր, երկուսը` ոչ: Երկու միջնորդության տեքստը տեղադրված էր ԱԺ կայքում, երրորդը` ոչ: Ենթադրվում էր, որ բաց քննարկումը կկայանա, երկու միջնորդությունները կներկայացվեն, ապա երրորդի համար փակ նիստ կհայտարարվի, որին կհաջորդի քվեարկությունը: Սակայն առաջին միջնորդության անհաջող քննարկումից հետո Աննա Վարդապետյանի առաջարկությամբ երկրորդը քննարկվեց գաղտնի միջնորդությունը` փակ ռեժիմով։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լսելով նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը, քննարկումը փակ շարունակել։ Դատախազն էլ առաջին միջնորդագիրը ներկայացնելուց հետո խնդրեց դռնփակ ռեժիմով շարունակել նիստը, քանի որ «ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք»: «Հայաստան» խմբակցությունում երեկ խանդավառված էին, որ շոուն չստացվեց, ֆրակցիայում միասին հետեւել էին նիստի բաց մասին եւ վերահաստատել, որ ճիշտ էր բոյկոտը եւ ՔՊ-ի համար սադրանքի դաշտ չբացելը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգեւորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչեւ Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել: Տեղեկացանք, որ ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ ու մի լավ ուրախացել: Պապիկյանի՝ ԱԺ գալուն պես, սակայն, ՔՊ-ականները դադարեցրել են իրենց քեֆ-ուրախությունը եւ շտապել են նախարարի հետ փակ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Պապիկյանի հետ հանդիպմանը եւս շատ բարձր տրամադրություն են ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մշտապես թափանցիկությունից խոսող եւ դրանով հպարտացող իշխանության ներկայացուցիչներն իրենց սրտի գլխավոր դատախազին (որն առիթը բաց չի թողնում զեկուցել իր գործերը վարչապետին) լրագրողներից թաքուն են պահում։ Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում զեկուցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը։ Նրան խորհրդարան բերեցին եւ ապա դուրս հանեցին ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով, այսինքն՝ լրագրողների համար անհասանելի տարածքով։ Ընդգծենք, որ խորհրդարանում երկար տարիներ, նաեւ հեղափոխությունից հետո ավանդույթ է, որ նման դեպքերում պաշտոնյաներին ուղեկցում են գլխամասային հանձնաժողովների նախագահները, այսինքն՝ այս դեպքում Վարդապետյանին պետք է ուղեկցեր Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Այս անգամ դատախազը որոշել է հեռու մնալ լրագրողաշատ միջանցքից։ Ընդգծենք՝ այս ավանդույթը եղել է նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեպքում, երբ վերջինս եկել էր խորհրդարան նման միջնորդություններով կամ տարեկան զեկույցներով։ Նրան հենց Վարդանյանն էր ուղեկցում, իսկ նիստերից հետո էլ նա սովորություն ուներ ճեպազրույց տալ լրագրողներին։ Փաստորեն, թափանցիկությունից խոսող իշխանությունում իրավիճակ է փոխվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս շաբաթ որոշումներ է կայացնելու՝ Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով հարուցված վարույթներով: Ի դեպ, գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաեւ բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ եւս մի քանի ՔՊ-ականների մասով. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռեւս անցած տարի Գեղամ Նազարյանը հաստատել էր, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, եւ նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին եւ կպարզաբանի ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ ծանուցումը ստացել են, եւ տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետեւանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Պետք է շտկվի խնդիրը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորների հայտարարագրերը ուսումնասիրվում են, եւ չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով եւս խախտումներ հայտնաբերվեն:
«Հրապարակ» թերթը գրում է. Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով՝ միայն 1 հոգի է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 հոգի, միավորների անցողիկ շեմը եղել է 80-ը, եւ միայն մեկ հոգի՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն է կարողացել հատել անցողիկ շեմը, նա ստացել է 86 միավոր։ Ամենացածր ստացած մասնակիցը հավաքել է 30 միավոր։ Նշենք, որ հավակնորդները 5 օր ժամանակ ունեն քննության արդյունքները բողոքարկելու համար, եւ չի բացառվում, որ բողոքարկումից հետո ոմանց միավորներն ավելանան, եւ նրանք ներառվեն դատավորների ցուցակում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկել է, եւ օրակարգում 20-ից ավելի հարց է ընդգրկված, սակայն բոլորի ուշադրությունն այն միջնորդություններն են, որ խորհրդարանում արդեն ներկայացրել եւ պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի մասով։ ԱԺ օրակարգում կան այլ հարցեր եւս, որոնք կարեւորություն են ներկայացնում։ Դրանցից մեկով Երեւանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում են փոփոխություններ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես՝ այսուհետ Երեւանի ավագանին ունենալու է նոր գործառույթ եւ կարողանալու է սահմանել բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Եվ, ահա, Երեւանի ավագանու կողմից կարգը սահմանելուց զատ, նաեւ փոփոխություններ են կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Սա նշանակում է, որ որեւէ հանրահավաք գուցե քաղաքային իշխանության սրտով չլինի, եւ վերջինս տուգանի կազմակերպիչներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գործող տուրընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար: Խոսքը դեսպանատներում օր վերցնելու մասին է, որը, քաղաքացիների համոզմամբ, վերածվել է շահութաբեր առեւտրի: Օրինակ՝ եթե ցանկանում ես վիզա ստանալու նպատակով մտնել որեւէ դեսպանատուն եւ օր չունես ամրագրած, ապա հոգ չէ. կան տուրօպերատորներ, որոնք նախապես ամրագրած օրերը կարող են վաճառել՝ 15000 դրամից մինչեւ 50000 դրամով: Այս թեմայի շուրջ ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում է: Նրանց պատմելով՝ հայտնի է, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրեր ամրագրում են գիշերվա ժամերին, վարկյանների ընթացքում: Չի բացառվում, որ որոշ տուրընկերություններ դեսպանատների հետ ներքին պայմանավորվածություն ունեն եւ նախապես զգուշացվում են, թե որ օրը որ ժամին է ազատ տեղ բացվելու: Այս ծառայությունը նրանք չեն ձեւակերպում որպես վաճառք, այլ նշում են, որ թարգմանություններ են արել, քաղաքացու փոխարեն փաստաթղթեր են լրացրել: Ուշագրավն այն է, որ որեւէ պետական կառույցի կողմից այս գործընթացը չի վերահսկվում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գուցե տեղյակ են, բայց լռում են՝ անգործություն դրսեւորելով: Իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ ապացույցներ չունեն, որ տուրընկերություններն «օրեր են վաճառում»: Մյուս կողմից՝ նույն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ իրենք եւս այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից, որոնք անմիջապես փոխանցել են Արտաքին գործերի նախարարություն, սակայն անարդյունք. պետական այս կառույցից զբոսաշրջության կոմիտեն դեռեւս արձագանք չի ստացել: Գուցե իրավապահ մարմինը սկսի ուսումնասիրել խարդավանքների այս պտույտը: