Ընդդիմություն, աո՜ւ. 600 մարդ այսօր գործազուրկ դարձավ, այս հարցը հետաքրքի՞ր չի
Այսօր առավոտվանից «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ Տեսչական մարմինը չփոխեց որոշումը և այսօրվանից տոնավաճառը փակվում է:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշման մասին հունվարի 18-ին տեղեկացվել է տնօրենը, քանի որ խախտումներ են հայտնաբերվել և տնօրենը պետք է աշխատակիցներին տեղյակ պահեր, որ կուտակված ապրանքները հեռացնեն։ Տնօրենը հավաստիացնում է, որ 17 խախտումից 12-ը վերացվել է, բայց Տեսչական մարմինը որոշումը չփոխեց:
Այլ կերպ ասած, դեռ մի քանի շաբաթ առաջ արդեն հայտնի էր, որ շուրջ 600 մարդ գործազուրկ է դառնալու: Քանի որ որոշումը իշխանությունների կողմից «կանաչ լույս էր» ստացել և անգամ տոնավաճառի աշխատակիցների հիշեցումները, թե Փաշինյանն անձամբ եկել իրենցից ընտրությունների նախաշեմին ձայն էր խնդրում, որևէ ազդեցություն չունեցան, հարց՝ էլ ո՞վ է մնում, որ մի քանի հարյուր քաղաքացիների շահերը կարող է պաշտպանել: Տրամաբանական պատասխանը՝ ընդդիմությունը: Բայց մեր երկրում տրամաբանությունն ու իրողություններն իրար հետ վաղուց կապ չունեն:
Պարզվեց, որ ընդդիմությունն այս հարցին չի անդրադարձել ու այս հարցը իր օրակարգում չկա: Այդպես, VERELQ-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը այս պահի դրությամբ «Մալաթիա» տոնավաճառի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում չի անցկացրել։
Մենք ուսումնասիրեցինք նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջը, որտեղ նա շատ ակտիվ գրառումներ է անում իր գործունեության մասով: Պարզվեց, որ մարդու իարվունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն է որևէ կերպ աս հարցին չի անդրադարձել, թեև, կրկնում ենք, խոսքը 600 մարդու գործազուրկ մնալու հեռանկարի մասին է: Եվ, այո, այս մարդիկ այսօրվանից գործազուրկ են և, փաստացի, ընդդիմությունը խորապես անտարբեր է այս հարցին:
Այս պահին բողոքի ակցիան Մալաթիա տոնավաճառում շարունակվում է, աշխատակիցներն իրենց բողոքի ձայնն են հնչեցնում: Բայց մինչ այս պահը ընդդիմադիր որևէ պատգամավոր կամ ընդդիմություն ներկայացնող արտախորհրդարանական որևէ ուժի ներկայացուցիչ տոնավաճառի տարածք չի այցելել: