VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին շրջայց է կատարում Արցախի համայնքներով, պատմում են, որ պետնախարարի այցը հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։ Մի կողմից, Վարդանյանը հուսադրել է նրանց՝ ասելով, որ բլոկադայի հետեւանքով առաջացած բարդ իրավիճակը, ըստ ամենայնի, կձգվի մինչեւ մարտ-ապրիլ, երբ սկսվի ձնհալը, եւ ջրի ու հոսանքի խնդիր այլեւս չի լինի։ Մյուս կողմից, ահաբեկել է մարդկանց՝ չբացառելով այդ շրջանում ռազմական բախումը։ Վարդանյանն ասել է, որ եթե մինչեւ ապրիլ դիմանանք, ապա դրանից հետո ավելի թեթեւ է լինելու, իսկ երբ հետաքրքրվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման մասին, պետնախարարը ոչինչ չի բացառել՝ ասելով, որ պետք է պայքարել, թե ինչպես՝ չի մանրամասնել։ Փոխարենը կիրակի օրը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին արցախցիների հետ փակ հանդիպման ժամանակ հեռահար հակադրվել է պետնախարարին՝ ասելով, որ չնայած Արցախում այս պահին ավելի շատ զենք կա, քան Հայաստանում, բայց պետք է հնարավորինս խուսափել պատերազմից եւ գնալ Ադրբեջանի հետ երկխոսելու ճանապարհով, հակառակ դեպքում պատերազմը կլինի Արցախի ու արցախցիների վերջը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին ավելի ու ավելի նկատելի են դառնում եվրոպական մի շարք երկրների ու կառույցների կամ նրանց ներկայացուցիչների թիրախային գնահատականներն ու հայտարարությունները Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ավելի հաճախակի են դարձել արցախցիների շահերն ու իրավունքները պաշտպանող և Ադրբեջանի գործողությունները դատապարտող գնահատականները, ինչը նշանակում է, որ իրական տեղեկատվության փոխանցման և ընդհանրապես նշյալ երկրների ու կառույցների հետ տարվող աշխատանքների առումով զգալի առաջընթաց կա: Այստեղ կարևոր գործոն են Ֆրանսիայի լայն աջակցությունը, պահվածքն ու դիրքորոշումը, իսկ Ֆրանսիայում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Բերձորի միջանցքի հետ կապված, ընդհանրապես Արցախի հարցերով թե՛ հումանիտար, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական տեսանկյունից ամենաբարձր մակարդակով մեծ աշխատանքներ է կատարում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրապարակային, այսպես ասած, «երևացող» աշխատանքը շատ փոքր մասն է կազմում ամբողջ գործունեության, որը օբյեկտիվ պատճառներով չի մանրամասնվում ու չի ներկայացվում: Ի դեպ, հայտնի է, որ Նիկոլա Ազնավուրն ու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մտերիմ ընկերներ են, ովքեր համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Ըստ էության, այս հանգամանքը հավել լայն հնարավորություն է ընձեռում, որ Վարդանյանը թե՛ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարության, թե՛ եվրոպական այլ երկրների ու կառույցների ղեկավար կազմերի, թե՛ հանրային, քաղաքական տարբեր գործիչների հետ ուղիղ աշխատանքի փաստացի «դոստուպ» ունենա, և կարելի լինի ապահովել ճշմարտացի տեղեկության ամբողջական փոխանցում: Երևի թե պատահական չէ, որ գրեթե ամեն շաբաթ Վարդանյանը ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ սա հատուկ վերաբերմունք է ոչ միայն Աննա Հակոբյանի, այլեւ Հայաստանից այցելած բոլոր պետական պաշտոնյաների նկատմամբ: Իրանահայերն այսպիսով իրենց դիրքորոշումն են հայտնում գործող իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանը եւ Արցախը գրեթե ամեն օր նոր կորուստներ են կրում:
«Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո երկու անգամ այցելել է Թեհրան, բազմաթիվ նախարարներ են այցելել, մի քանի ամիս առաջ Ալեն Սիմոնյանն էր այցելել, արդեն անցած շաբաթ էլ Աննա Հակոբյանը երկու դուստրերի հետ Իրանում էր, բայց այդ բոլոր այցերի ժամանակ ազգային առաջնորդարանում որեւէ այցելություն չի կազմակերպվել նրանց համար, հայ համայնքը ղեկավարող կառույցները չեն հյուրընկալել նրանց. սա հստակ ուղերձ է եղել: Ես լսել եմ նաեւ թեմական առաջնորդի կողմից, որ ինքը եւս պատրաստ չէ ընդունել այսօրվա իշխանություններին իրենց կեցվածքի ու վերաբերմունքի պատճառով, որը ցուցաբերել են պատերազմից հետո: Ինչ վերաբերում է եկեղեցի այցին, ապա դա տարբեր է. եկեղեցիների դռները բաց են, նույնիսկ օտարերկրացիները կարող են գալ, մոմ վառել. արգելքը ազգային առաջնորդարան հյուրընկալելու կապակցությամբ է եղել: Որեւէ բան չէր արգելում նրան այցելել հայկական եկեղեցի, նույնիսկ դրանից է խուսափել. հավանաբար, մտավախություն է ունեցել, որ այնտեղ քաղաքացիների կհանդիպի, որոնք կոշտ են վերաբերվելու իրեն, խուսափել է անախորժ միջադեպերից: Բայց, դրա փոխարեն, տեսանք, որ չադրայով այցելել է իսլամական սրբավայր, մասնակցել է տարբեր արարողությունների: Սպահանում Սուրբ Ամենափրկիչ վանք ու թանգարան է այցելել կարճ ժամանակով, այնտեղից մի երկու սելֆիներ է արել, բայց այնտեղ էլ համայնքը ղեկավարող կառույցներն ու եկեղեցին պատրաստ չեն եղել նրան ընդունելու»,- պատմեց մեր զրուցակիցը:
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով պայմանավորված, դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ում նախատեսել են «կոնտակտի դուրս գալ» և նախարարություն հրավիրել արտաքին քաղաքական ոլորտում առանցքային դերակատարություն ունեցած մի շարք նախկին պաշտոնյաների, դիվանագետների՝ ստեղծված փակուղուց ելքեր փնտրելու հարցեր քննարկելու նպատակով։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցում է, որ մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են հրավերը, ոմանք՝ անգամ շատ կոպիտ։ Մեր ունեցած տեղեկություններով, միայն մի քանի լղոզված արձագանքներ են եղել, այն էլ՝ հիմնականում այն անձանց կողմից, ովքեր վերջին տարիներին դիվանագիտական ճակատում տեղի ունեցողի վերաբերյալ լատենտ դիրքորոշում ունեն և Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությանը երբեք կոշտ չեն արձագանքել:
«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին հրատապ քննարկում է նախաձեռնել: Ինչպես հայտնի է՝ այդ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա հերթական նիստերին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու։ Նախապես միջնորդությունները խորհրդարան ուղարկած գլխավոր դատախազը զեկուցելու է եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ, իսկ Սեյրան Օհանյանի դեպքում՝ նաեւ կալանքի թույլտվություն։ Ընդդիմադիրները կարծում են, որ պաշտպանության նախկին նախարարի դեմ իշխանության արշավի նպատակն Ազատում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հանրային ուշադրությունը շեղելն է, ուստի որոշել են հենց այդ թեմայի վրա բեւեռել հանրության ուշադրությունը եւ արտահերթ նիստ անցկացնել բանակի եւ Ազատի հրդեհի թեմայով՝ կանխելով Սեյրան Օհանյանի դեմ ծրագրվող շոուն։ Ըստ այդմ՝ առաջարկել են քննարկումն անցկացնել փետրվարի 7-ի նիստի երկրորդ մասում։ Հրատապ քննարկումը, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքներ»-ը թեմայով է։ Ընդդիմադիրներն ակնկալում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը: Ի դեպ, իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու նիստի օրը «հայաստանցիներն» այլ ակցիա էլ են ծրագրում, որն առայժմ գաղտնի են պահում։ Իշխանությունը որոշել է՝ եթե այս շոուն բարեհաջող ընթանա, եւ սպասված արդյունքն ստանան, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։ Armlur.am-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում Ազգային ժողովում ։ Գրել էինք, որ նիստի հիմնական թեման խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի եւ նրանց օգնականների նախաձեռնությունն է: Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում են պարգևավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են: Եւ ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի ղեկավարի վրա: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջեւ խնդիր էին դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները, հակառակ դեպքում պայման էին դրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր թիմով պետք է հեռանա աշխատանքից: Եվ ահա, որոշում է կայացվել, որ պարգևավճար չի լինի, իսկ Վահան Նարիբեկյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նա առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքից ազատման դիմում։
«Հրապարակ» թերթը գրում է. Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։ Ոստիկանությունն այդ գումարով «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն է ձեռք բերել 140 մեքենայի համար։ Այս գնումը ոստիկանությունը կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Նշենք, որ «ԿԱՍԿՈ»-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից, եւ ավելի թանկ արժե, քան սովորական ապահովագրությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։ Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, եւ Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են եւ առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։ «Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը հաշվի առնելով»,- երեկ մեր լրագրողին ասել է Դավիթ Գրիգորյանը, հավելելով․ «Երբ մեր երեխաները կամենան, եկեղեցով կլինի նրանց միությունը»։ Ի դեպ, Գրիգորյանը նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2018-ի հոկտեմբերին սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամին է. Գրիգորյանի դուստրը Կարապետյանի որդու կինն է։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջերս կառավարության նիստում մի երևույթ տեղի ունեցավ, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պրակտիկայում։ Խնդիրն այն է, որ նիստի ժամանակ գլխավոր դատախազը, խոսելով Ազատ գյուղի դեպքերի և հարուցված քրեական գործի մասին, հայտարարեց, թե վարչապետին պարբերաբար զեկուցել է և հիմա էլ զեկուցում է։ Իրականում Սահմանադրության և օրենքների համաձայն, գլխավոր դատախազը չի կարող զեկուցել վարչապետին։ Այլ կերպ ասած՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության 8-րդ գլխում, որը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին, ո՛չ էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում գլխավոր դատախազին նման գործառույթ վերապահված չէ, ավելին՝ նա նույնիսկ կառավարության անդամ չի հանդիսանում։ Գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, հաշվետու է խորհրդարանին և յուրաքանչյուր տարի նա խորհրդարանին հաղորդում է ներկայացնում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Գլխավոր դատախազի կողմից նույնիսկ խորհրդարանին զեկուցելու լիազորություն վերապահված չէ։ Գլխավոր դատախազը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի վարչապետին զեկուցել այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին։ Բացի այդ, դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:
Ամենաշատը գլխավոր դատախազը կարող է միայն թույլատրելիի սահմաններում ինչ-որ իրադարձությունների մասին որոշակի տեղեկություններ հաղորդել երկրի վարչապետին: Բայց «զեկուցելը», առավել ևս այնպիսի մանրամասներով, որ, «նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի», այսինքն՝ հրապարակային բարձրաձայնման ենթակա չեն, արդեն իսկ վկայում է լուրջ համակարգային խնդրի առկայության մասին։ Տարբեր փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ քաղաքական թիմի անդամը չպետք է դառնա անկախ մարմնի ղեկավար։ Իսկ հիմա ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազ է քաղաքական թիմի անդամը։ Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական, որը պետք է պարբերաբար զեկուցի աշխատանքների մասին, իսկ վարչապետն էլ դրանց հիման վրա հանձնարարություններ տա։ Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով: Այստեղ գալիս ենք մեկ այլ եզրահանգման. եթե կա զեկուցում, ապա դա ենթադրում է, որ կա նաև հանձնարարություն: Այսինքն, դատախազությանը վարչապետի կողմից ուղիղ հանձնարարության առկայության դեպքում ակնկալել արդար քննություն պարզապես միամտություն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանմ ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»: Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»: Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ արդյոք իսկապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի: Ո՞վ է նա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվող պաշտոնյան զորամասի թիկունքի գծով պատասխանատուներից եւս մեկն է: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), ինչի արդյունքում հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց: Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, որը ՀՀ դատախազությանը իրավունք է տալիս ծանր մեղադրանք առաջադրել նաև իրավաբանական անձանց: Գործողության մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ Քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոս տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում: Հաշվի առնելով հայկական ընկերությունների աշխատելաոճը, ներքին հակակոռուպցիոն և այլ բնույթի քաղաքականությունների բացակայությունը, ըստ փորձագետների, ծանր մեղադրանքներ կարող են առաջադրվել գրեթե բոլոր ընկերությունների նկատմամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները և իշխանության համար անցանկալ ի սեփականատերեր ունեցող խոշոր ընկերությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի աշխատանքը գտնվում է Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ուղիղ հսկողության տակ, քանի որ այն ներդրվել է հենց նրանց պահանջով և ճնշումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը կարճատեւ դադարից հետո շարունակում է շարքը, որում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ, այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ստել է: Այս անգամ կանդրադառնանք մի ոլորտի, որում արձանագրված «հաջողությունների» ու հաջողված պայքարի մասին իշխանությունները հաճախ են խոսում, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Խոսքը խաղադրույքների ոլորտին է վերաբերում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։ Պետեկամուտների կոմիտեն, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Հայաստանում, 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել. սա 2021թ.-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավելի է մոտ 36%-ով։ Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը եւ կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետեւապես՝ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի (որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ) մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը։ Այս թվում ներառված չեն նաեւ խաղատներում կատարված խաղադրույքները։ Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել, սխալ է։ Կատարվող խաղադրույքի ծավալները փաստացի ոչ միայն չեն նվազել, այլեւ շարունակ աճում են։ Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ լուծարվել է: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին, հիշեցնենք, համալսարանն այն ժամանակ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի մակագրությամբ՝ բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին գրություն էր ստացել: Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված է մնում: Բանն այն է, որ, ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի, ԿԳՄՍ նախարարությունը մանեւրելու ու օրենքը տարբեր կերպով մեկնաբանելու հնարավորություն ունի: Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումը ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում»:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»: Ստացվում է՝ նախարարությունը, հղում անելով հոդվածի 7-րդ կետին, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման հարցը կարող է եւս մեկ ամիս ձգձել: Նշենք, սակայն, որ դեռեւս այս տարվա հունվարի 12-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ նախարարության խնդիրն այս պահին բուհի խորհուրդը կազմավորելն է: Այս մասով մեկ ամսվա ընթացքում ի՞նչ գործողություն է արել ԿԳՄՍՆ-ն. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացրին. «ԿԳՄՍՆ-ն, օրենքով սահմանված կարգով, քայլեր է ձեռնարկում համալսարանի բնականոն գործունեության ապահովման համար: Այս մասով առաջիկայում հայտարարություն կլինի»: Հաշվի առնելով, սակայն, խիստ «ժողովրդավար» իշխանությունների՝ բուհերի ինքնավարությունը մեղմ ասած հարվածի տակ դնելու ձեռագիրը, ապա պետք չէ բացառել, որ չնայած համալսարանում տեղի ունեցած ընտրություններին ու օրենքի տառին համապատասխան ռեկտոր ընտրելու հանգամանքին, այնուամենայնիվ, իշխանությունները Բրյուսովի համալսարանում նույնպես իրենց «սրտի ռեկտորին» են ուզում տեսնել: 2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ, սակայն, հիշեցնենք, Ֆրանսիայի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագոչում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորներն էլ կուսակցական պատկանելիություն չունենան: