Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք:
Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Կփորձենք գնահատել, թե մեր հարկային եկամուտներն ինչքանով, ինչ հարաբերության կամ հեռավորության մեջ են մեր երկրի հարկային պոտենցիալից»:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը: Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»: Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ: