ԵՄ առաքելության որոշումն ազդակ չէ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության համար
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը՝ գնահատելով այն ինքնին դրական, սակայն կայն բայցեր.
"Նախ, ԵՄ հետ Հայաստանի ինստիտուցիոնալ համագործակցության հիմք է ստեղծվում, հետո՝ ցանկացած քայլ, որը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը, դրական է:
Սրանով հանդերձ, ինքներս կարող ենք արժեզրկել այս առաքելությունը, եթե «շամպայն բացելու» էյֆորիկ տրամադրություններ ու չարդարացված սպասելիքներ ունենանք:
Առաջին, չի կարելի ԵՄ այս որոշումը ազդակ համարել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության համար:
Նման չփաստարկված խոսույթ են զարգացնում իշխանամետ «արևմտամետները»՝ զուգակցված հակառուսական հռետորաբանությամբ: Նման խոսույթով ոչ միայն չենք նպաստելու ԵՄ առաքելության արդյունավետությանը, այլ կանխատեսելի խնդիրներ ենք ունենալու Ռուսաստանի և Իրանի հետ: Այս պարագայում՝ ԵՄ առաքելությունը կարող է նույնիսկ «ալիբի» դառնալ Հայաստանի դեմ ինչ-որ պայմանավորվածությունների համար:
Երկրորդ, ԵՄ առաքելությունը և սահմանային հնարավոր կայունությունը չպետք է խրախուսի Հայաստանի իշխանության պարապությունը երկրի պաշտպանական կարողություններն ավելացնելու հարցում:
Երրորդ, ԵՄ առաքելությունը չպետք է նաև Հայաստանի իշխանության կողմից՝ որպես քողածածկույթ օգտագործվի, քաղաքական պատասխանատվությունից ու բանակցային գործընթացից հրաժարվելու համար: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է:
Մի խոսքով, խնդիրը ոչ թե ԵՄ առաքելությունն է, այլ դրա նշանակության ֆետիշացումը Հայաստանի իշխանության ու նրա սատելիտ ուժերի կողմից»,- գրել է Սուրենյանցը: