24.11.2024
ԵՄ առաքելության որոշումն ազդակ չէ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության համար
prev Նախորդ նորություն

Ո՞վ կփոխարինի Նազելի Բաղդասարյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց` իր էջում գրելով այդ մասին եւ շնորհակալություն հայտնելով «վարչապետին` բարձր վստահության համար»։ Սակայն հայտնի է, որ նրա նկատմամբ դեռ դեկտեմբերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ էր հարուցվել, իր հետ փոխկապակցված անձին պաշտոնի նշանակելու հետ կապված։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հերքել էր պաշտոնանկության մասին լուրերը: Մեր տեղեկություններով, մարզպետ է նշանակվելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը` Մեղրաշեն գյուղից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ապահովագրել է իրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի գրել էր, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է: Նաեւ գրել էինք, որ եթե Վահե Հակոբյանը մանդատը վայր դնի, շատ խնդիրներ չի ունենա: Եվ, ահա, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդություն արդեն ներկայացրել է Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի մասով, իսկ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այլեւս պատգամավոր չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ Վահե Հակոբյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ եւ խոստացել, որ հիմնականում լուռ կմնա, սուր քննադատության չի ենթարկի իշխանությանը, եւ, որպես փոխհատուցում, իրավապահները նրա հանդեպ մի փոքր բարի կլինեն, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի, նրա անունը կշոշափվի, նա կհարցաքննվի, սակայն վերջաբանը, ամեն դեպքում, բարի է լինելու: Կարծես թե, մինչ այս պահը Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ըստ ամենայնի տված խոստումը պահում է:


«Հրապարակ» թերթը գրում է. Գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկը գաղտնի ռեժիմով է բերվել, ենթադրվում է, որ այդ գործով ԱԺ նիստն էլ է փակ լինելու։ Պարզվում է՝ «գաղտնի» գործը բոլորովին էլ գաղտնի չէ, այդ գործի շրջանակներում տեւական ժամանակ է՝ կալանքի տակ է պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը: Գործը քննվում է դատարանում, եւ եթե պրոցեսը չձգձգեին, այն վաղուց քանդված կլիներ, եւ Տոնոյանն էլ ազատության մեջ կլիներ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, եւ մեղադրանք առաջադրվեց 7 անձի, բացի Տոնոյանից, նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին եւ այլոց։ Իրավապահների վարկածով՝ ԶՈւ եւ ՊՆ պաշտոնյաները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժեներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ի հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018 թ. ընկերությունից ձեռք են բերել 4 հազար 232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ չընդունված եւ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերք։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի եւ դրանք վաճառի երրորդ երկրի:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին «երկրորդ» փորձից ԱԺ-ում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և քպականների հանդիպումը։ Որքան էլ քպականները փորձում են ներկայացնել, թե հանդիպումն անցել է նորմալ և կառուցողական, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից: Ընդհանրապես, Ազատ գյուղում տեղակայված կացարանի ողբերգությունից հետո իշխանության որոշակի շրջանակների կողմից ամեն ինչ արվում է տեղի ունեցածը վեկտորել Պապիկյանի ու ԳՇ-ի ուղղությամբ, որպեսզի պատասխանատվությունը հեռացվի գլոբալ առումով թիմից, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանից: Տեղի ունեցած ողբերգության և, ընդհանրապես, բանակում տիրող վիճակի համար Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի մեղավորությունը, կարելի է ասել, որևէ մեկը չի էլ վիճարկում: Սակայն մյուս կողմից՝ թե՛ փորձագետները, թե՛ բազմաթիվ քաղաքական գործիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ այս ամենի համար պատասխանատու և մեղավոր է ամբողջ իշխանությունը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը: Հենց այս հանգամանքից ելնելով էլ իշխանական որոշ շրջանակներ փորձում են բանակին մեղավոր նշանակել՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի ու այն զինվորականների, որոնք արդեն ազատվել են աշխատանքից: Առավել ևս, որ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, Նիկոլ Փաշինյանը վաղուց «ատամ ունի» Սուրեն Պապիկյանի վրա, որը իշխանական թիմում դիտարկվում է որպես Փաշինյանի «իրավահաջորդ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ իրավապահ համակարգի կողմից տեխնիկական ստուգման գործընթաց է իրականացվում, որից հետո էլ ՔՊ վարչության անդամներին կանչելու են եւ փորձեն հասկանալ, թե ինչպես է եղել վարչության ընտրակեղծիքը: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, եւ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում՝ ով է դիմել վերահաշվարկի համար (ըստ լուրերի՝ Արսեն Թորոսյանը), ձայները կեղծվել են, թե անփութություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձել է քննարկման առարկա, թե ոչ։ Այս հարցով զբաղվում են իրավապահները:


«Հրապարակ» թերթը գրում է. Գարնանը Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար։ Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով նախկինում ղեկավարել է համայնքը, մտադիր է առաջադրվել, այլ ոչ թե աջակցել որեւէ մեկին, ինչպես արեց վերջին ընտրությունների ժամանակ։ Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգսյանն ակտիվ բանակցությունների մեջ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հետ եւ ուժերը ծանրութեթեւ անելուց հետո կհայտարարի իր առաջադրման մասին: Եթե չկարողանա բավարար կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, ըստ ամենայնի, հանդես կգան այլ թեկնածուով։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն նույնն է՝ այս անգամ էլ իշխող ուժի ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջանյանը, ով նախորդ ընտրություններին չկարողացավ 50+1 հավաքել, իսկ ավագանի անցած ուժերի միջեւ էլ կոալիցիա չկազմվեց, որ նա ստանձներ համայնքի ղեկավարումը, ինչի պատճառով էլ գնացին նոր ընտրությունների: Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։ Նախորդ անգամվա պես, իշխանության թեկնածուի ընտրարշավի պատասխանատու է նշանակված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով լինելու է ՔՊ թեկնածուի շտաբի պետը։ Նիկոլ Փաշինյանը խիստ է դրել հարցը, եւ ասում են, որ Համբարձումյանը կաշվից դուրս է գալիս, որ իր ազգական Հակոբջանյանն այս անգամ հաղթի։ Մեզ ասացին նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը հնարավոր է այս անգամ չառաջադրվի, նրա եւ ՔՊ-ի էլեկտորատները գրեթե խաչվում են։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարեւոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։ Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի: Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու նոր զինկոմի հետ եւ խնդրելու, որ պատշաճ ծանուցեն եռամսյա վարժական հավաքներին զորակոչված անձանց, որպեսզի հետագայում խնդիրներ եւ իրավական պատասխանատվություն չառաջացնի անձանց համար»։ Մեզ հետ զրույցում նա հերքեց, թե պահեստազորում հաշվառվածների ցանկ է պահանջել՝ ասելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, եւ համայնքապետերը չեն կարող դրան տիրապետել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրերին՝ 2020-ի հունվարի 10-ին, երբ հայ հասարակության մոտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը ամիսներ անց Ադրբեջանի սանձազերծած աղետաբեր պատերազմը հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ է դառնալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կառավարությանը դրվատելու մղումներից ելնելով, ի լուր աշխարհի հայտարարում էր. «2019 թվականի ընթացքում հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում առ այսօր հայոց բանակում, Փաշինյանի իշխանության իրական դեմքն ու պատկերն է ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունից, հավաքագրել է, թե 2018-ի իշխանափոխությունից մինչեւ այս պահը՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի դեպք է գրանցվել: Այսպես, ըստ razm.info կայքում հրապարակված տեղեկատվության՝ 2018-ին ու 2019-ին ՀՀ ԶՈւ-ում զոհերի թիվը համապատասխանաբար 63 եւ 49 է եղել: Նշենք, սակայն, որ Փաշինյանը 2018-ի մայիսից է ստանձնել ՀՀ կառավարումը:


2020-ին, բացի պատերազմի հազարավոր զոհերը, ըստ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած տվյալների, պատերազմական գործողություններով չպայմանավորված՝ 100 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: 2021-ին խաղաղ պայմաններում 65 զինծառայող է զոհվել. տեղեկությունը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է ներկայացրել մի հարցազրույցի ժամանակ: Նախորդ՝ 2022թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի սեպտեմբերի 13-14-ի ռազմական էսկալացիայի հետեւանքով ունեցած մոտ երեք հարյուր զոհերը, խաղաղ պայմաններում, ըստ կայքերից մեկի ներկայացրած տեղեկատվության, բանակում մահվան 51 դեպք է գրանցվել (3 ամսվա տվյալները բացակայում են): Ամենասարսափելին, ցավոք, 2023-ի հենց սկզբին գրանցված դեպքն էր՝ Գեղարքունիքի մարզի ողբերգությունը, ինչի ժամանակ ժամկետային 15 զինծառայող հրդեհի զոհ դարձավ: Ի դեպ, ըստ ռազմական փորձագետների ու բանակի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մինչեւ այս խաղաղ պայմաններում այդչափ թվով միաժամանակյա մահերի միջադեպ երբեւէ չէր գրանցվել: Այսպես, ի մի բերելով վերոգրյալ թվերը՝ մոտավոր այսպիսի պատկեր է ստացվում. Նիկոլ Փաշինյանի կառվարումից ի վեր՝ առ այս պահը, խաղաղ պայմաններում (չհաշված 2020-ի 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերյան երկօրյա պատերազմները) 343 զինծառայող է զոհվել: Եթե այս թիվը համեմատելու լինենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի կառավարումը եղած նախորդ 4 տարիների հետ (այդ ժամանակ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր), ապա նորից, ըստ razm.info.am-ի ներկայացրած տվյալների, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը չհաշված, Սարգսյանի կառավարման վերջին 4 տարիներին բանակում մահացության 256 դեպք է գրանցվել, Փաշինյանի օրոք՝ 343:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ դեռեւս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռեւս մաքսային եւ այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»: Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ: