Թուրքիան առաջիկայում ավելի տեսանելի կսկսի գործել ընդդեմ Ռուսաստանի. քաղաքագետ
Թուրքիան առաջիկայում ավելի տեսանելի կսկսի գործել ընդդեմ Ռուսաստանի։ Հավանաբար այս մտավախություններով է, որ Իլհամ Ալիևը փորձում է ամեն կերպ թույլ չտալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, որի դեպքում Ռուսաստանը Թուրքիային և Ադրբեջանին կպատժեր հենց կովկասյան ճակատում Հայաստանի միջոցով կամ Հայաստանի հետ։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանն ու շարունակում.
"Ի վերջո հենց դրա մասին էին հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերը, սակայն Թուրքիան և Ադրբեջանը խորագիտակ լինելով հարաբերություններ փչացնելու և հարաբերություններ կառուցելու նուրբ արվեստի մեջ, կարողացան կաշառելով ու այլ ճանապարհներով մերձեցում ցույց տալ Ռուսաստանին և դրա հենքի վրա քանդել հայ-ռուսական հարաբերությունները։
Պատահական չէր, որ ըստ Փաշինյանի Ալիևը արևմտյան ղեկավարների հետ շփումներում խոսում է հայ-ռուսական համատեղ նախապատրաստվող ագրեսիվ գործողությունների մասին։ Հավանաբար Ադրբեջանը վախում է հայ-ռուսական և հայ-իրանական հավանական դաշնակցությունից, քանզի վաղ թե ուշ ինքը ստիպված է լինելու պարտքերը տալ իր հովանավորների։
Առաջիկայում Ռուսաստանը իսկապես ստիպված կլինի մի քանի ճակատով պայքարել ու միայնակ։
1453 թվականին Բյուզանդիան հենց այդպես` միայնակ մնաց թյուրքական բարբարոսների դեմ։ 2023 թվականն էլ բավականին վճռորոշ է լինելու",- գրել է Պողոսյանը։