24.11.2024
Իշխանության բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը. Հովհաննիսյան

Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:


"Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հո՞տ ենք, թե՞ հասարակություն, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, պետությունը պահո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Հանրային բոլոր դեմքերն այս հարցին պետք է անհատապես պատասխանեն։ Թաքնվելու լիմիտը սպառվել է։

Պետությունը և պետության ղեկավարի երեկվա ասուլիսն անհամատեղելի չեն։ Կա´մ չպետք է լինի այդ ղեկավարը, կամ՝ պետությունը։ Սա պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու։ Սա ընտրություն է, որին պետք է մասնակցենք։

Առաջին անհրաժեշտ քայլերն են.

1. Ընդդիմադիր խմբակցությունների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցությամբ։ Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձևակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգավոր մոտեցումները։ Փակ, նեղ կազմով և այլ ձևաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարևանները և հակառակորդը պետք է տեսնեն, որ Երևանում (և բնության մեջ) կա այլ, հակառակ տեսակետ, իրավիճակի դեէսկալացիայի շուրջ կան նաև այլ մոտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետության համար կենսական կարևորության է։

Իշխանության տեսակետին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակետ՝ աշխարհի համար, կարող է ձևակերպել միայն տիտղոսային ընդդիմությունը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների և առաջնորդների անհատական և միասնական հստակ դիրքորոշումը, գործողությունների ծրագիրը։

2. Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանությունն ասում է՝ ձեր անվտանգությունը չեմ կարողանում երաշխավորել։ Հետևաբար՝ այն այլևս իրավունք չունի լինել իշխանություն։ Հանրային բոլոր շերտերը պետք է ներգրավվեն նոր իշխանության ձևավորման պահանջի պրոցեսին. սա պետք է դառնա Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որևէ դեմք այլևս չպետք է խուսափի, այլևս թաքնվելու հնարավորություն չի կարող լինել։

3. Երեկվա ասուլիսով, ըստ էության, չեղարկվել են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև երեկ ասվել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նույն անձը՝ ժողովրդից քվե խնդրելու ժամանակ՝ ընտրություններից առաջ։ Հետևաբար՝ կան բոլոր բարոյական և տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանության հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգվածի ներգրավման համար։ Եվ կա հրամայական՝ անհատապես ճշտելու ՔՊ պատգամավորներից յուրաքանչյուրի տեսակետը։

Ալիևն ու Նիկոլը երեկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետության համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում։ Ամբողջ օդը պետք է էլեկտրականացվի այս գաղափարով։ Մնացածը հանցակցություն է",- գրել է Հովհաննիսյանը։