Նաղդալյան. Սահմանադրական փոփոխությունները համահունչ են ժամանակակից եվրոպական չափանիշներին
Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
Նա նշել է, որ այդ բարեփոխումների արդյունքում բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական և օրենքի գերակայության ոլորտներում: Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար կարևոր էր, որպեսզի առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի տեսակետին և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Եվ հենց այդ կոնտեքստում հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են.
«Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ, ճկուն և քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող»,- վստահեցրել է նա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ այդ քննարկումները ընթացել են համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «4 + 4 + 4» ձևաչափով: Այս առումով նա նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացել է շահագրգիռ քաղաքական բոլոր ուժերի միջև համագործակցության շրջանակում, քանզի Հայաստանի իշխանությունները միտված են կոնսենսուսի երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ ՝ ապահովելով և բարձրացնելով ժողովրդի վստահությունը:
«Ընտրական օրենսգրքի քննարկումները այս իմաստով բացառիկ համագործակցություն էին՝ ուղղված գալիք ընտրությունների համար կայուն և հուսալի հիմք ստեղծելուն: Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները: Հույս ունեմ, որ ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովուրդը այս բարեփոխումների շնորհիվ ունենալու է հասարակություն, որտեղ ապագա սերունդները կապրեն խաղաղության և կայունության մեջ»,-շեշտել է Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը նաև համեմատական է անցկացրել սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ` նշելով, որ այն Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, քանզի հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից.
«Ավտորիտար վարչակարգերին բնորոշ` այս հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը: Տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհն են: Եթե այս սկզբունքները ընդունվեին մեր որոշ հարևանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն»,- հավելել է իր ելույթը ԱԺ փոխնախագահը: