26.11.2024
Նաղդալյան. Սահմանադրական փոփոխությունները համահունչ են ժամանակակից եվրոպական չափանիշներին
prev Նախորդ նորություն

Վարչապետի մոտ քննարկել են սիրիահայությանն աջակցելու հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:

Մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ, շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ:

Հիշեցնենք, Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 հայ, իսկ հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով մահացել էր 3, վիրավորվել՝ 1 հայ: «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես օգնություն է խնդրել սփյուռքի և Հայաստանի բարերարներից` հալեպահայությանը Սիրիայից դուրս բերելու համար: Հաղորդագրությունը տարածելու պահին ՀԿ-ն հալեպահայ տարբեր ընտանիքներից շուրջ 600 նամակ էր ստացել՝ Հայաստան տեղափոխվելու հարցում իրենց օգնելու խնդրանքով: