25.11.2024
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. Փաշինյան

Այսօր մենք ականատես ենք հետևողական գործողությունների, որոնք ավելի ու ավելի օբյեկտիվ են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այս առումով պետք է ընդգծեմ այն ​​սադրանքները, որոնք տեղի են ունենում, մասնավորապես, Լաչինի միջանցքում։ Ոմանք փորձում են զուգահեռ անցկացնել Լաչինի միջանցքի և տարածաշրջանի այլ հաղորդակցությունների, կամ վերականգնվող կամ կառուցվող հաղորդակցությունների միջև, բայց պետք է շեշտեմ, որ Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է»,- ասաց Փաշինյանը։


Փակել այս միջանցքը, դադարեցնել դրա գործունեությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերին ցեղասպանության դատապարտել երեք տարբեր ուղղություններով, ասաց նա։


Վարչապետի խոսքով՝ առաջին սցենարը կարող է լինել հայաթափումը, Լեռնային Ղարաբաղի հայերը պարզապես չեն կարողանա ապրել իրենց տներում, իրենց հողի վրա։


«Եվ նման մինի մոդել տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում, ոչ մի հայ չկա։


Ավելին, ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ։ Բայց մինչ օրս անգամ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին, էլ չեմ ասում Հադրութի շրջանի բնակիչներին, թույլ չեն տալիս մտնել այդ տարածքներ»,- ասաց վարչապետը։


«Հաջորդ սցենարը ինքնության կորուստն է։ Եվ այսօր պայքարը, որ Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների ու պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա վառ հաստատումն է։


Եվ երրորդ սցենարը՝ դա բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունը և նախանշանները մենք նույնպես տեսել ենք և տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելուց և հրթիռակոծելուց: Բայց գիտեք, ես չեմ ուզում, որ մենք ցեղասպանությունը ընկալենք և դիտարկենք, և այդ թվում այն ցեղասպանությունը, որի մասին խոսում եմ, անխուսափելի և անկանխարգելելի իրողություն: Եվ պիտի արձանագրեմ, որքան էլ տարօրինակ թվա այս եզրակացությունը, իմ համոզմամբ, այնուամենայնիվ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում»,- հավելեց Փաշինյանը։