Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև։
Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սա շատ կարևոր ենք համարում մեր արտաքին քաղաքական գործընթացում: Միևնույն ժամանակ Ադրբեջանը, տարբեր առիթներով ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սակայն դրա հասցեատերը միջազգային հանրությունն է, այլ ոչ թե այն մարդիկ, ովքեր այդ առաջարկի շահառուներն են: Այս արտահայտությունն Ադրբեջանն ուղղում է միջազգային հանրությանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայերին, բայց մենք կարծում ենք, որ այս ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի դառնա Լեռնային Ղարաբաղի հայության շրջանում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ դժվարին իրողությունների հետ մեկտեղ պետք է փոխվի նաև տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունն ու որակը։
«Պետք է սկսել ամենապարզ բաներից: Ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումն ու, ի վերջո, բացառումն է»,- ասաց Փաշինյանը։