Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը՝ 72 039 մարդ: Այդ մասին VERELQ-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունից:
Համաձայն տրամադրած տեղեկատվության, քվերակությանը 102 034 ընտրողներից մասնակցել է 72 039 մարդ: Երևանում (Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում) բացված ընտրատեղամասում 831 ընտրողներից քվեակել է 575 մարդ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրավոր դիմումներ չեն ստացել։ ԿԸՀ-ն ստացել է 3 գրավոր հայտարարություն, որոնց երկուսին տրվել է գրավոր պատասխան ի օգուտ ընտրողների, եւս մեկ դիմում քննվում է։
Ղարաբաղում անցկացված ընտրությունների արդյունքները չեն ընդունում միջազգային կազմակերպությունները: Եվրոպական միությունն արդեն հայտարարել է, որ Բրյուսելը
չի ընդունում ընտրությունների անցկացման իրավական հիմքերը: Միևնույն ժամանակ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և՛ ԱՄՆ-ը նշում են, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում:
Անդրադառնալով միջազգային կառույցների դիքորոշմանը Ղարաբաղի ընտրությունների մասով՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ ընտրություններից առաջին հերթին շահելու են երկիրը և քաղաքացիները:
«Մենք չեն հուսահատվում և չենք շեղվելու մեր իսկ կողմից ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում է մեզ: Եվ այդ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաև՝ նվաճումներ ձեռք բերել, հաջողություն արձանագրել», - նշել է նա, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ղարաբաղի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով ընտրությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին, ասել է, թե այս ընտրություններն ավելի շատ ժողովրդին են պետք: «Իհարկե ցանկալի կլիներ, որ միջազգային կառույցները, տարբեր երկրներ ևս գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը, բայց ինձ համար ավելի կարևոր է մեր ժողովրդի գնահատականը», - ասաց վարչապետը:
Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հավանաբար ուժերի դասավորությունը գալիք խորհրդարանում կպահպանվի: Նրա խոսքով, այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային էին: Նախընտրական շրջանը, ըստ Ղուլյանի, լրիվությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները, ստեղծված են եղել հավասար պայմաններ և սահմանափակումներ չեն եղել: «Ինձ թվում է քաղաքական դաշտը ավելի լայն ներկայացված կլինի խորհրդարանում», - հայտարարեց նա:
Նախօրեին պաշտոնական Բաքուն սպառնացել էր քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին: «Չի բացառվում, որ այդ «դիտորդների» նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Մասնակցում են նաև դիտորդներ Հայաստանից։ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։