Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը. Լին Թրեյսի
Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը. այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, որոնք նվիրված էին նրա թեկնածության քննարկմանը: Հիշեցնենք, մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը, նա նույն պաշտոնն է զբաղեցնում Երեւանում։
«Վերադառնալով Ռուսաստանի թեմային՝ կարծում եմ, որ խնդիրը սա է, և հայերը [հենց իրենք] սա են ասում. նրանք տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում Հայաստանի այսօրվա կարիքներին։ Կարծում եմ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, այժմ գտնվում ենք հետևյալ փուլում. մենք մի քանի շատ կարևոր բանակցություններ ենք վարում, թե ինչպես մենք (ամերիկացիներս) կարող ենք օգնել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի»,- ասել է Թրեյսին։
«Ես կասեմ, որ կան նաև անվտանգության բազմաթիվ մարտահրավերներ, որոնցում Ռուսաստանը դեր է խաղում, և որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք», - հավելել է ամերիկացի դիվանագետը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականից և ստացել է «F» վարկանիշ ANCA-ի կողմից (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ. - Խմբ.)՝ տասնհինգ տարբեր ցուցանիշներով վատ աշխատանքի համար։