Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է հայ-թուրքական գործընթացը
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը, իսկ նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ:
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: