Այսօր Երևանում ներկայացվեց Armenian business corner (Հայկական բիզնես անկյուն) նախագիծը, որի նպատակն ամերիկյան շուկայում հայկական ապրանքների ներկայացումն ու արտահանման ծավալների մեծացումն է, ինչպես նաև Հայաստան նոր ներդրումներ գրավելը։
«Մենք ցանկանում ենք ճիշտ ներդրումներ բերել Հայաստան, ցույց տալ հայկական շուկայի հնարավորությունները», - նշեց նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։
Նա նշում է, որ մասնակցել է բազմաթիվ մեկօրյա ցուցահանդես վաճառքների, որոնց ժամանակ ներկայացվել է հայկական ապրանքը, մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, բայց մեկ օրը բավական չի եղել արդյունավետ գործարար կապեր հաստատելու համար։ Արդյունքում ծագել է միտքը` ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ հայկական ապրանքներն ավելի արդյունավետ կցուցադրվեն, ինչն էլ հետագայում կօգնի ներթափանցել ամերիկյան շուկա ու աշխատել ցանցերի հետ։
«Նախագծի հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է։ Դա կօգնի ոչ միայն հզորացնել երկիրը և տնտեսությունը, այլև որոշակիորեն անվտանգային հարց կլուծի։ Պատերազմի ժամանակ երկրները պաշտպանում են իրենց շահերը` իրենց ներդրած մեկ դոլարն իրենց համար ավելի թանկ է, քան մեզ համար շատ թանկ մեր խաչքարերը», – նշեց Հայրապետյանը։
Իր հերթին նախագծի ղեկավար Նազելի Հակոբյանը նկատեց, որ բիզնես անկյունը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում, որտեղ ներկայացված են բազմաթիվ ընկերություններ։ Տաղավարը, որը բացվելու է հունվարի 21–ին, յուրօրինակ պորտալ է, որը կտեղափոխի մարդկանց ԱՄՆ–ից Հայաստան։ Անգամ սալիկներն են պատրաստված Հայաստանում ու հայկական հողից։ Ներկայացված են լինելու լավագույն հայկական ընկերությունները` չի լինելու մեկը, որը արժեզրկելու մյուս հայկական ապրանքները։
«Բոլոր հայկական ապրանքները ներկայացված են լինելու մեկ վայրում և չեն տարրալուծվելու մնացածների մեջ։ Մեր հիմնական նպատակը ոչ թե B2C, այլ B2B վաճառքն է։ Այսինքն` այդ ընկերություններն ի վիճակի կլինեն մտնել ցանցեր, իսկ մենք ունենք այդպիսիք` կուղղորդենք դեպի առևտրային ցանցեր։ Մեր նպատակը ոչ թե ամերիկայի հայկական շուկա մտնելն է, այլ հենց ամերիկյան շուկան է թիրախը։ Եվ այն ընկերությունները, որոնք ի վիճակի չեն լինի մտնել այդ շուկա, կուղղորդենք դեպի B2B», - ընդգծեց Հակոբյանը ։
Նա նկատեց, որ 20 արտադրողների և 16 ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կստորագրվեն համագործակցության հուշագրեր։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էլ իր հերթին հայտնեց, որ առանձնահատուկ կարևորում է նախագիծը, քանզի այն նպաստելու է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Ըստ նրա` այս նախագիծը կարևոր է այնքանով, որ միասին հանդես եկեղ արտադրողներն ավելի մրցունակ են և ստանում են առավելություն միասին գրավելու ամերիկյան շուկայում։
«Վստահ եմ, որ Armenian business corner–ը նոր հնարավորություններ կբացի մեր գործարարների և հայկական արտադրանքի համար` ոչ միայն տեղական հայակական շուկայում հարատև մնալու, այլև ամերիկյան շուկա ներթափանցելու առումով», - հավելեց դեսպանը։
Բայբուրդյանն ընդգծեց, որ հայ–ամերիկյան գործարար կապերը և առևտրաշրջանառությունը զարգացում է ապրում։ Եթե 2021 թվականին առևտրաշրջանառությունը (արտահանումն ու ներկրումը) 133մլն դոլար է եղել, ապա 2022 թվականին հունվարից մինչ սեպտեմբեր այն կազմել է 189 մլն դոլար։ Նա ակնկալում է, որ առևտրաշրջանառությունը 200 մլնի շեմը կհատի։ Ըստ նրա, սա հայկական արտադրանքի պահանջարկի մասին է վկայում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն Զարեհ Սինանյանն էլ նշեց, որ ամերիկյանը միշտ համարվել է բարդ շուկա ու անհրաժեշտ ծավալի աշխատանք չի իրականացվել հայկական ապրանքների առաջխաղացման համար։ Ըստ նրա, այս նախագիծը կարող է այդ աշխատանքների սկիզբը դնել, ու օգնել հայական արտադրանքի` ամերիկյան շուկայում ճանաչելի լինելուն։
«Կան բազում դեպքեր, երբ հայ արտադրողը կարողացել է դուրս գալ լավագույն առևտրաշղթաների վրա, սակայն գործարքները չեն ստացվել, քանի որ չեն կարողացել անհրաժեշտ ծավալներն ապահովել։ Ուրեմն անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն և մոտեցում ունենալ, կենտրոնանալ բարձրորակ ու արժեք ունեցող արտադրանքի վրա, և ապահովել այնպիսի նշաձող, որ այլ երկիրները չեն ապահովում», – ասաց նա։
Ի դեպ`հայկական ապրանքները բիզնես անկյունում կարող են ցուցադրվել 6 ամիս։
Նշենք, որ միջոցառման ավարտին Armenian business corner –ի և ԱրմՍվիսԲանկի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։