Վլադիմիր Պուտին, օգնե՛ք վերադարձնել մեր որդիներին. անհայտ կորածների ծնողները երթ են անում
Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ:
Նրանց ձեռքին պաստառներ են, որոնց վրա, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, որով պարտավորվում էր վերադարձնել հայ ռազմագերիներին: Բացի այս, պատռաների միջոցով նրանք նաև դիմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել վերադարձնել իրենց որդիներին:
Պուտինը, հիշեցնենք, վաղը կժամանի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Ծնողները պաստառներով փակեցին հրապարակում տեղադրված Մանկական Եվրատեսիլի պաստառները:
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերին Երևանում կայանալու է Մանկական Եվրատեսիլը և ամբողջ Երևանով մեկ այս օրերին տոնական զարդարման աշխատանքներ են տարվում:
Ծնողներն այս պահին նստացույց են անում Հանրապետության հրապարակում, որից հետո ծրագրում են շարժվել դեպի Քննչական կոմիտե՝ իրենց բազմաթիվ հարցերին պատասխաններ ստանալու համար: