Արցախը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ հարցերի քննարկումից. ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը.
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։
Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։
Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։ Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»։