Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը։
Երեւան-Նյու Յորք
Սեպտեմբերի 21-ին Ն. Փաշինյանը Երեւանից թռավ Նյու Յորք: Նա օգտվել է մալթայական «AirX Charter» ավիաընկերության բիզնես դասի օդանավի ծառայություններից: Խոսքը բրազիլական արտադրության «Embraer Lineage 1000» ինքնաթիռի մասին է (մալթայական գրանցումը՝ 9H-FAB, տես գլխավոր լուսանկարում):
Դրա նախորդ օրը՝ ամսի 20-ին, վարչապետը որոշում էր կայացրել ՀՀ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին: Դրանով աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարվել էր կազմակերպել չվերթ՝ Երեւան-Նյու Յորք (սեպտեմբերի 21-ին) եւ Նյու Յորք-Երեւան երթուղով (սեպտեմբերի 24-ին)։ Այս հարցում Հարությունյանին պետք է աջակցեր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
Թե ինչու է ընտրվել մալթայական «AirX Charter» ընկերությունը, վարչապետի աշխատակազմը չի ասում: Փաստ է, որ դրա «Embraer Lineage 1000» ինքնաթիռը սեպտեմբերի 21-ի գիշերը գերմանական Դյուսելդորֆից ժամանել է Երեւան՝ ՀՀ պատվիրակության հետեւից: Վարչապետի վերոնշյալ որոշումից բխում է, որ ամսի 21-ին Երեւանից Նյու Յորք է թռել 9 հոգի: ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը դեռ սեպտեմբերի 14-ին էր մեկնել ԱՄՆ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությանն էին միանալու այդ երկրում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Հարկ է նկատել, որ պատվիրակության անդամների ցանկում ներկայացված չեն ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների անուններ, բայց դժվար է հավատալ, որ Փաշինյանին թիկնազոր չի ուղեկցել:
Ամեն դեպքում, ինչպես կարելի է տեսնել «AirX Charter»-ի պաշտոնական կայքում, «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 ուղեւորի համար, այսինքն՝ պաշտոնապես հաստատված պատվիրակության կազմից ավելի տարողունակ է:
Սեպտեմբերի 21-ի գիշերը «Զվարթնոց» ժամանելուց մոտ 1,5 ժամ անց 9H-FAB-ը Երեւանից թռել է իռլանդական «Շանոն» օդանավակայան:
ԱՄՆ մեկնող շատ ինքնաթիռներ այս օդանավակայանն օգտագործում են վառելիքի վերալիցքավորման համար: Փաշինյանին տեղափոխող բորտը Իռլանդիայում վայրէջք է կատարել ամսի 22-ի լույս գիշերը, իսկ հետո Ատլանտյան օվիկանոսի վրայով ուղղություն վերցրել դեպի Նյու Յորք՝ Քենեդու անվան միջազգային օդանավակայան, որտեղ հասել է Նյու Յորքի ժամանակով ամսի 22-ի լույս գիշերը (Երեւանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան):
Հայկական պատվիրակությանն այստեղ թողնելուց մոտ 1 ժամ անց օդանավը թռել է Ֆիլադելֆիա, որը Նյու Յորքից հեռու է 130 կմ:
Ամսի 22-23-ին Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում, սեպտեմբերի 22-ին նաեւ ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Ոչ թե Նյու Յորք-Երեւան, այլ Ֆիլադելֆիա-Փարիզ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պատվիրակության հետադարձ չվերթը մեկնարկել է Ֆիլադելֆիայից: Գործուղման մասին վարչապետի վերոնշյալ որոշումը հուշում է, որ վերադարձող պատվիրակության կազմում եղել է 7 հոգի (կրկնենք՝ թիկնազորի մասին ինֆորմացիա չկա): Այստեղ նորից պիտի հիշեցնենք, որ «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 հոգու համար, այսինքն՝ կրկնակի-եռակի ավելի տարողունակ, քան 7-9 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը: Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե ինչու է վարձակալվել ավելի մեծ տարողությամբ օդանավ, քան պատվիրակության անդամների թիվն է: Նկատենք, որ բիզնես դասի օդանավերը լինում են ամենատարբեր տարողության:
Վերեւում ասվեց, որ սեպտեմբերի 24-ի հետադարձ չվերթը պետք է լիներ Նյու Յորք-Երեւան ուղղությամբ: Սակայն Ֆիլադելֆիայից մեկնած 9H-FAB-ը սեպտեմբերի 25-ի լույս գիշերը «Շանոնում» վերալիցքավորվելուց հետո ոչ թե Երեւան է եկել, այլ թռել է Փարիզ՝ «Լե Բուրժե» օդանավակայան:
Փաստորեն, սեպտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, Փաշինյանը եղել է Փարիզում, սակայն այն, որ նա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա ու հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնին, հանրությանը հայտնի դարձավ միայն հաջորդ օրը՝ երկուշաբթի։ Ընդ որում՝ հանդիպման մասին առաջինը հայտնեց Ելիսեյան պալատը, ապա՝ Փաշինյանի աշխատակազմը: Դատելով նախապես ծրագրված (վարչապետի որոշման մեջ նշված) երթուղու փոփոխությունից՝ կարող ենք ասել, որ Փաշինյան-Մակրոն հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ից հետո:
Սեպտեմբերի 26-ի գիշերը հայկական պատվիրակությունը Փարիզից վերադարձել է Երեւան: Բայց այս անգամ վարչապետին ու նրա ուղեկցիներին տեղափոխել է ոչ թե մալթայական «Embraer Lineage 1000»-ը, այլ ՀՀ կառավարական բորտը՝ «Airbus A319»-ը:
Կառավարական օդանավն ավելի քան 2 օր սպասում էր ՀՀ պատվիրակությանը
Ընդ որում՝ ՀՀ կառավարական օդանավը դեռ սեպտեմբերի 24-ի կեսօրին էր Երեւանից մեկնել «Լե Բուրժե» ու մինչեւ ամսի 26-ի գիշեր սպասում էր այնտեղ:
Հայտնի չէ՝ արդյոք «Airbus A319»-ը ուղեւոր է տեղափոխել Փարիզ՝ Փաշինյան-Մակրոն հանդիպման համար (ինչ-որ մեկին Ֆրանսիա գործուղելու մասին վարչապետի համապատասխան որոշում չի եղել այդ ընթացքում), թե մեկնել է դատարկ՝ զուտ ԱՄՆ-ից վերադարձող պատվիրակությանը Հայաստան տեղափոխելու համար: Անկախ ամեն ինչից՝ 2 օրից ավելի օդանավակայանում կայանելն ու այդ ընթացքում թռիչքային անձնակազմի կեցության ապահովումը ենթադրում է համապատասխան ծախսեր ՀՀ պետբյուջեից:
Սա գրում ենք այն պատճառով, որ երբ 2019-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կրկին վարձակալված բիզնես դասի օդանավով մեկնել էր ԱՄՆ ու զուտ վարձակալության համար ծախսել շուրջ 350.000 դոլար, ինչը մի շարք հարցեր առաջացրեց, օրինակ՝ թե ինչու երթուղու մի մասը չի իրականացրել ՀՀ կառավարական ինքնաթիռը (Հայաստանից մինչեւ Արեւմտյան Եվրոպայի որեւէ օդանավակայան, որտեղից տրանսատլանտիկ չվերթը կկատարեր այլ ինքնաթիռ), հիմնավորումն այն էր, որ կառավարական բորտը պետք է այդ տարանցիկ օդանավակայանում սպասեր պատվիրակության վերադարձին, միաժամանակ հարկ կլիներ ապահովել թռիչքային անձնակազմի կեցությունն այդ ընթացքում: Ստացվում է, որ հիմա արվում են այնպիսի քայլեր, ինչպիսիք նախկինում ծախսատար էին համարվում:
Բայց սա նախկին ու ներկա գործելաոճի միակ ու գլխավոր տարբերությունը չէ:
3 տարի առաջ կարելի էր պետական գաղտնիքը հանրայնացնել, հիմա ո՞չ
Ինչպես ասվեց, 2019-ի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանն իր պատվիրակությամբ մեկնել էր ԱՄՆ: Այն ժամանակ հայկական կողմը «Gulfstream G550» տիպի բիզնես դասի ինքնաթիռ էր վարձակալել ավստրիական «Avcon Jet» ավիաընկերությունից (օդանավի ավստրիական գրանցումը՝ OE-ISN):
Ու՞մ օդանավով է Փաշինյանը թռել ԱՄՆ, կամ ովքե՞ր են կլորիկ գումար աշխատել վարչապետի ուղեւորությունից
Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 21-26-ին «Gulfstream G550»-ը հետեւյալ երթուղով էր անցել՝ Գյումրի-«Շանոն»-Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Ջերսի-Երեւան: Այսինքն՝ թե՛ անցած ճանապարհն էր բավական երկար, թե՛ Փաշինյանի պատվիրակության տրամադրության տակ լինելու օրերն էին ավելի շատ, քան այս անգամ: Նկատենք նաեւ, որ այս «Gulfstream G550»-ը եւս նախատեսված էր 19 հոգու համար:
Ընդ որում՝ երբ հայկական մամուլում այն ժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ ավստրիական ընկերությունից օդանավի վարձակալությունն արժեցել է 300.000-400.000 դոլար, Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. դոլար- հեղ.)»: 2019-ին մենք վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցրել էինք, թե պետբյուջեից որքան գումար է հատկացվել՝ զուտ «Gulfstream G550» ինքնաթիռը վարձակալելու համար: Հարցմանը պատասխանել էր աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, ում տեղեկացմամբ՝ ինքնաթիռի վարձակալության ծախսը կազմել էր 165.945.000 դրամ (մոտ 350 հազ. դոլար):
Ինչու՞ Փաշինյանը չէր կարող ԱՄՆ մեկնել կառավարական ինքնաթիռով, որն ունակ է հատել օվկիանոսը
Դրանից 3 տարի անց մենք նույնատիպ հարց էինք ուղղել վարչապետի աշխատակազմի ներկա ղեկավար Արայիկ Հարությունյանին, ու այս անգամ էլ հարցմանը պատասխանել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Խնդրում եմ հայտնել, թե ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում պետբյուջեից ընդհանուր որքան գումար է հատկացվել Երեւան-Նյու Յորք (21.09.2022) եւ Նյու Յորք-Երեւան (24.09.2022) չվերթերի կազմակերպման համար:
Ի՞նչ հիմնավորմամբ է որպես փոխադրող ընտրվել մալթայական «AirX Charter» ավիաընկերությունը եւ կոնկրետ «Embraer Lineage 1000» տիպի օդանավը, որը նախատեսված է 19 հոգու համար, իսկ վարչապետի 20.09.2022 թ. 1086-Ա որոշման հավելվածում հաստատված ՀՀ պատվիրակության կազմը ավելի փոքր է:
Տվյալ ավիաընկերությունից փոխադրման ծառայություն գնելու համար ի՞նչ ընթացակարգ է կիրառվել: Եթե կիրառվել է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, ապա ի՞նչ հիմնավորմամբ:
Եթե 2019-ին օդանավի վարձակալության գումարի չափը գաղտնիք չէր, հիմա աշխատակազմն ու վարչության պետ Արմեն Խաչատրյանը հիշել են, որ դրա հանրայնացումը կհակասի օրենքին:
Այսպես՝ Ա. Խաչատրյանը հայտնել է, որ 2016 թ. ընդունված «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են … «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման … ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»: Մյուս կողմից՝ 2003 թ. ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է պետական պահպանության օբյեկտները, որոնց թվում է ՀՀ վարչապետը: Այսինքն՝ վարչապետի արարողակարգային ծախսերով ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ծառայությունները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, որոնք հրապարակման ենթակա չեն:
Հարց է ծագում՝ ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանի նախկին խոսնակ Վ. Կարապետյանն ու նույն Ա. Խաչատրյանը 2019-ի աշնանը պետական գաղտնիք էին բացահայտում՝ չհիշելով «Գնումների մասին» օրենքի կարգավորումների մասին: Արդյոք պատճառն այն ժամանակ վարձակալության գումարի չափ հրապարակած մամուլին հակադարձելն էր, կամ որ ավելի կարեւոր է՝ նոր իշխանությանը ժողովրդավար, թափանցիկ ու հաշվետու ցույց տալը: Ի՞նչ է փոխվել այս տարիներին:
2018-ին էլ Սերժ Սարգսյանի աշխատակազմն էր հղում անում նույն օրենքին
Նման արձագանք ստանալուն պես մտաբերեցինք 2018-ի փետրվարին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմից ստացած պատասխանը:
2018-ի փետրվարին գրել էինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանից Ցյուրիխ է մեկնել (Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար) իր ընկեր եւ սանահայր, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Gulfstream G650» տիպի բիզնես դասի ինքնաթիռով (գրանցված է Մալթայում՝ 9H-SSK), որի շահագործողը մալթայական «Emperor Aviation» ընկերությունն է:
Վարչապետը չի հերքում, որ ընդունել է Սամվել Կարապետյանի մատուցած ծառայությունը՝ խախտելով օրենքը
Կարեն Կարապետյանը չէր պատասխանել մեր հարցերին ու չէր հերքել, որ շահերի բախում է թույլ տվել եւ խախտել է «Հանրային ծառայության» մասին օրենքը, որով հստակ սահմանվում էր՝ «հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է իր ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ»: Բացի դրանից՝ Կ. Կարապետյանը չէր ասել, թե արդյոք ինքն իր գրպանից վճարել է ծառայության դիմաց՝ հաստատելով պնդումը, որ օդանավը նրա պատվիրակությանը սպասարկել է անվճար:
Այդ հրապարակումից հետո «Հետքի» ընթերցողներից մեկը մեզ հուշել էր, որ Սամվել Կարապետյանի նույն օդանավը տեսել է 2017-ի ամռանը, երբ հեռուստացույցով դիտում էր նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցի մասին ռեպորտաժը: Եվ իսկապես, 2017-ի հուլիսին Ս. Սարգսյանը եւս օգտվել էր գործարար Ս․ Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ի ծառայություններից: Նախագահականից մեզ փոխանցել էին, թե քանի որ ՀՀ նախագահական/կառավարական ինքնաթիռը («Airbus A319») տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել շահագործել, Իրան մեկնելիս Սարգսյանն օգտվել է այլ օդանավից:
Սամվել Կարապետյանի օդանավը փոխադրել է նաեւ Սերժ Սարգսյանին
Դժվար էր հավատալ, որ Սամվել Կարապետյանն ու օդանավը շահագործող մալթայական ընկերությունը գումար են աշխատել Սերժ Սարգսյանի թռիչքի կազմակերպման համար: Այդուհանդերձ, մեր հարցին, թե որքան է վճարվել «Gulfstream G650»-ի մատուցած ծառայության համար, նախագահականից հայտնել էին. «Նկատի առնելով, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց (Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի) արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման մասին տեղեկությունները, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները, ի թիվս այլ տեղեկությունների, ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում՝ Ձեր կողմից հայցվող եւ օրենքի վերոնշյալ հոդվածի կարգավորման ներքո գտնվող այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:
Այսինքն՝ իշխանության գալուց 4 տարի անց Փաշինյանի աշխատակազմը ինֆորմացիա չի հանրայնացնում՝ բերելով այն նույն հիմնավորումը, ինչ մինչ այդ արել է Սարգսյանի աշխատակազմը: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջապես ու բավականին հարմարավետ տեղավորվել է ընդդիմադիր եղած ժամանակ իր կողմից բազմիցս քննադատվող նախկին իշխանությունների ու «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի» մեջ:
Հուշանվերների ձեռքբերման ծախսերը եւս հրապարակման ենթակա չեն, մնացածն արժեցել է 24 մլն դրամ
Սեպտեմբերի 20-ի որոշմամբ Ն. Փաշինյանը հանձնարարել էր Նյու Յորք մեկնող 9-հոգանոց պատվիրակության գործուղման, ինչպես նաեւ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը հոգալ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից (իսկ արդեն ԱՄՆ-ում գտնվող ԱԳՆ աշխատակցի գործուղման ծախսերը՝ նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին), իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցներից:
Ի պատասխան մեր հարցին, թե ԱՄՆ մեկնած պատվիրակության գործուղման համար ընդհանուր որքան գումար է հատկացվել, Փաշինյանի աշխատակազմը հայտնել է, որ հուշանվերների ծախսերն իրականացվել են վարչապետի արարողակարգային ծախսերի հաշվին, ինչը նշանակում է, որ դրանք ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ու հրապարակման ենթակա չեն: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը աշխատակազմը պետական գաղտնիքի հիմնավորմամբ չի հայտնել, թե որքան գումար է ծախսվել «Embraer Lineage 1000» ինքնաթիռի վարձակալության եւ հուշանվերների ձեռքբերման համար:
«Ինչ վերաբերում է պատվիրակության անդամների գործուղմանն առնչվող մյուս ծախսերին (օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի վարձակալություն, ճաշ), հայտնում ենք, որ ընդհանուր գումարը կազմում է 23.913.169 դրամ»,- փոխանցել են վարչապետի աշխատակազմից: Ներկայում այս թիվը հավասար է մոտ 60 հազ. դոլարի կամ 62 հազ. եվրոյի:
Որքա՞ն կարժենար «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը
Նիկոլ Փաշինյանին եւ նրա պատվիրակությանը Երեւանից Նյու Յորք եւ Ֆիլադելֆիայից Փարիզ է տեղափոխել «AirX Charter» ավիաընկերության «Embraer Lineage 1000» տիպի ինքնաթիռներից 9H-FAB գրանցումով բորտը: Ըստ մալթայական փոխադրողի կայքի՝ վերջինիս շարժակազմում նման 3 օդանավ կա (9H-FAB, 9H-FCM, 9H-NYC): Սրանցից առաջին երկուսը «երկվորյակներ» են: Նրանց տեխնիկական պարամետրերը նույն են: 9H-FAB-ի ու 9H-FCM-ի թռիչքի առավելագույն տեւողությունը 9 ժամ է, տեղավորում են մինչեւ 19 ուղեւոր, ունեն 1-2 բորտ-ուղեկցորդ:
Ինքնաթիռի սրահում կա արբանյակային հեռախոսակապ, միկրոալիքային վառարան, տաքացուցիչ (սնունդ տաքացնելու համար), հեռուստացույց, ժամանցային համակարգ, թույլատրվում է տնային կենդանիներ մտցնել սրահ։
Վարչապետին տեղափոխած օդանավը, համաձայն ավիացիոն տեղեկատուների, բրազիլական գործարանից դուրս գալուց հետո 2014-ի ապրիլին հանձնվել է չինական «Minsheng International Jet»-ին (չինական գրանցումը՝ B-3219): Երկու տարի անց՝ 2016-ին, դրա շահագործող է դարձել մեկ այլ չինական ավիաընկերություն՝ «Yalian Business Jet»-ը: Նույն տարվա ընթացքում այս «Embraer Lineage 1000»-ը հանձնվել է չինական «Sparkle Roll Jet»-ին («SR Jet»): Վերջինիս կազմում օգտագործվելիս ինքնաթիռը ներկվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջեքի Չանի դեղնակարմիր «ֆիրմային» վիշապի պատկերով: Ինքնաթիռը սպասարկել է Չանին, ով բրազիլական «Embraer»-ի ապրանքանիշի դեսպանն է: Ընդ որում՝ Չանն այս արտադրողի այլ տիպի օդանավեր էլ ունի:
2019-ի դեկտեմբերին B-3219-ը դուրս է եկել չինական ռեգիստրից եւ գրանցվել Մալթայում՝ «AirX Charter» ավիաընկերության կազմում որպես 9H-FAB:
Այն բանից հետո, երբ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիքի պատճառաբանմամբ մերժեց հայտնել, թե որքան գումար է պետբյուջեից հատկացվել այս օդանավի վարձակալության համար, մենք դիմեցինք սփյուռքահայ գործարարներից մեկին, ով մեր խնդրանքով «AirX Charter»-ից պարզեց, թե ինչ կարժենա «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը, եթե այն թռչի Երեւան-Նյու Յորք, իսկ 2 օր անց՝ Նյու Յորք-Փարիզ երթուղով, օդանավում լինի 10 ուղեւոր, եւ ամբողջ ճամփորդության ընթացքում այն լինի պատվիրատուի տրամադրության տակ: Այսինքն՝ գրեթե այն նույն պայմանները, ինչպիսիք եղել են ԱՄՆ մեկնած եւ այնտեղից Փարիզ թռած ՀՀ պատվիրակության պարագայում:
Հայ գործարարին «AirX Charter»-ն առաջարկել է 9H-FAB-ի «երկվորյակին»՝ 9H-FCM-ը, որը, ինչպես վերեւում նշեցինք, ունի նույն տեխնիկական ցուցանիշները։ Վերը նշված պայմանների պարագայում մալթայական փոխադրողի գնային առաջարկը Երեւան-Նյու Յորք-Փարիզ թռիչքի համար 235.000 եվրո է (ներառյալ՝ վերալիցքավորումը իռլանդական «Շանոն» օդանավակայանում Երեւան-Նյու Յորք չվերթի ժամանակ), ինչը հավասար է մոտ 90 մլն դրամի: Այստեղ, սակայն, պետք է հաշվի առնել, որ ՀՀ պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռը «Շանոնում» տեխնիկական կանգառ է կատարել նաեւ ԱՄՆ-ից վերադառնալիս: Հետեւաբար, կարող ենք ասել, որ 235.000 եվրոն Փաշինյանին տեղափոխած օդանավի վարձակալության մոտավոր նվազագույն գինն է:
Իսկ եթե օդանավի վարձակալության արժեքին գումարենք նաեւ պատվիրակության անդամների օրապահիկի, գիշերավարձի, տրանսպորտի վարձակալության ու ճաշի համար վճարված շուրջ 24 մլն դրամը, կստացվի, որ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ գործուղման համար ՀՀ պետբյուջեից վճարվել է շուրջ 114 մլն դրամ, ինչն այս պահին հավասար է մոտ 294 հազ. դոլարի կամ 296 հազ. եվրոյի: Սրան էլ պետք է գումարել հուշանվերների ձեռքբերման արժեքը, որը վարչապետի աշխատակազմը կրկին չի հանրայնացրել:
Գլխավոր լուսանկարում՝ 9H-FAB-ը՝ Բելգրադի երկնքում․ 02.02.2022, հեղ.՝ Մարկո Միլինկովիչ (jetphotos.com)