26.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչությունը  հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Ձախողված ընտրություններ. ՀԱԿ-ը կանի անհրաժեշտ հետևություններ

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին և արդյունքներին, որ արձանագրել է կուսակցությունը:

Հիշեցնենք, համաձայն ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում ՀԱԿ-ը ամենից քիչ ձայներ հավաքած կուսակցությունն է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ պետք է անցկացվեին կուսակցական սկզբունքով, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում ընդունեց մասնակցել դրանց: Ակնկալում էինք, որ տեղի կունենա քաղաքական ծրագրերի և դիրքորոշումների մրցակցություն: Դա հնարավորություն էր ստեղծում ընտրությունները բարձրացնելու քաղաքական մակարդակի, ինչը Հայ Ազգային Կոնգրեսին մշտապես հաջողվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Սակայն, հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չտարբերվեցին տարիների ընթացքում իշխանությունների կանխամտածված քաղաքականության արդյունքում ձևավորված կլանային բնույթի տեղական ընտրություններից, երբ անձնական, բարեկամական կապերը, ընտրակաշառքը, քաղաքացիներին կենցաղային ծառայություններ մատուցելը մշտապես ընտրողի դիրքորոշման վրա ապօրինաբար ազդելու վճռորոշ միջոց են եղել:

Հայ Ազգային Կոնգրեսին, ցավոք, չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու ոչ դյուրին խնդիրը, ինչը պայմանավորված էր մի կողմից տեղական ընտրությունների արմատացած կլանային բնույթով, մյուս կողմից՝ խնդրի բարդությունը թերագնահատելու հետ կապված ընտրարշավի մեր տակտիկական բացթողումներով:

Չստանալով քաղաքական բնույթ, ընտրությունները շարունակեցին մնալ փողի, վարչական լծակների, կենցաղային ծառայություններ մատուցելու, ընտրողների վրա ապօրինաբար ազդելու և ուղղորդելու բազմաթիվ այլ ձևերի մրցակցության: Այդ ամենը կրում էր համակարգային բնույթ, մանրամասն մշակված ցանցային մեխանիզմների կիրառմամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը կանի անհրաժեշտ հետևություններ այս ամենից և կմշակի կեղծարարության բոլոր ձևերը հաղթահարելու մեթոդներ: Հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը, առաջիկայում մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնելու իշխանափոխության՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու նպատակով»: