ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունների վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մնալու են հիմնականում նույնն, ինչ եղել են: Ավելի քան համոզված եմ, որ և՛ այս, և՛ հաջորդ տարի Ռուսաստանի ուղղությամբ մեր թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը շոշափելի աճելու են, ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան շարունակվելու է, ինչը նպաստելու է մեր տնտեսության զարգացմանը, եթե չխանգարի որևէ կոլապս: Այս մասին “Հայաստանն ու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ակտուալ առաջնահերթությունները” թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, բոլոր հիմքերը կան պնդելու, որ առաջիկա տարիներին Եվրասիական տնտեսական միությունն է, որ կարող է ապահովել ՀՀ աճող կարիքները ժամանակակից մակարդակի առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ: Այս ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է կարողանան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ Սփյուռքի ռեսուրսը օգտագործելով՝ Հայաստանը դարձնեն հետաքրքիր տնտեսական գործընկեր: Այսինքն՝ այս տարածաշրջանում դիտվել ոչ թե փակուղի, ինչպես եղել է մինչև հիմա, այլ կապող կամուրջ: Եվ Սաֆարյանը դա հնարավոր է համարում.
«Եթե ՌԴ հետ առճակատման պայմաններում Արևմուտքը Հայաստանին շատ նեղը դրեց՝ մեկընդմիշտ նետելու է ՀՀ-ին Ռուսաստանի գիրկը: Դա նրան պետք չէ, հետևապես Հայաստանը զգուշորեն, լավ մտածված ու լուրջ ծրագրերով դա պետք է օգտագործի իր օգտին»,- ասաց նա ու շարունակեց.
«Բավականին բարդ ժամանակներ են: Մի կողմից՝ պատերազմ է, որն այնքան ծանր հետևանքներ կարող է ունենալ, որ այս պահին մենք ամբողջ խորությամբ դա չենք կարող հասկանալ: Բայց նույնիսկ այս պայմաններում Հայաստանի համար բացվում են օգուտներ քաղելու հնարավորություններ ու հեռանկարներ»:
Օրինակ, նշեց նա, ռուս գործընկերներն ասում են, որ ունեն խնդիր ժամանակակից տեխնոլոգիաների առումով, որոնք դեռ ստանում են Չինաստանից, բայց ժամանակն է, որ կամաց-կամաց ինքներս դա արտադրենք.
«Ո՞վ պիտի անի դա: Ես վստահ եմ, որ Հայաստանն այս հարցում լուրջ դերակատարում կարող է ունենալ և ունի իրական հնարավորություն, օրինակ, հեռակա հանդիպում կազմակերպելու ԵԱՏՄ ու ԵՄ միջև: Այո, նույնիսկ բարդ այս պայմաններում հնարավոր է նման բան անել ու ուրվագծել հնարավոր համագործակցությունը»,- կարծիք հայտնեց Սաֆարյանը:
Նա նշեց, որ ընթացիկ տարվա յոթ ամիսներին Հայաստանում արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ՝ 11%, բայց դրան զուգահեռ անընդհատ աճում է աղքատությունը և տարվա վերջում մենք ունենալու ենք 42 տոկոս աղքատություն: Թե ինչպես է այսպես լինում՝ նա հրաժարվեց մեկնաբանել: Բայց, շեշտեց, չկա այլ գործիք այս չարիքի դեմ պայքարելու, եթե ոչ տնտեսական զարգացում ապահովելն է:
«Մենք համարում ենք, որ միանգամայն ռեալ է կառավարության կանխատեսած յոթ տոկոս տնտեսական աճն ապահովել տարեվերջին, բայց ՀՀ քաղաքական իշխանության պարտականությունն է այդ միջոցները ուղորդել դեպի աղքատության խնդիրների վերացում: Միայն օրենքով է հնարավոր երկրում կատարել այնպիսի վերաբաշխում, որը հնարավորություն կտա վերացնել աղքատությունը”,- հավելեց Արամ Սաֆարյանը:
Բանախոսը նաև հնշեց, որ Հայաստանը կարևոր դեր կարող է ստանձնել նաև ներկրումը տեղականով փոխարինելու գործընթացում, որի մասին ՌԴ-ն ատկապես ինտենսիվ խոսում է վերջին երկու տարիներին: Նրա խոսքով, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ գործընթացը ՌԴ-ում լինի և Հայաստանը պետք է այդ հնարավորությունը բաց չթողնի:
Արամ Սաֆարյանը շեշտեց՝ ՀՀ իշխանությունները հստակ ազդակներ պետք է հասցնեն իրենց ռուս գործընկերներին.
«Դրանք են՝ Հայաստանը ձեզ չի դավաճանելու, չի քայքայելու, մենք այս տարածքի կառուցողական խաղացողն ենք, օգտագործեք մեր հնարավորությունները, որոնք կային ԽՍՀՄ տարիներին, որպեսզի մենք նորից ոտքի կանգնենք որպես ինդուստրիալ երկիր»,- ասաց Սաֆարյանը:
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ Արման Ղուկասյանն իր հերթին ասաց, որ ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ունի մեծ առավելություններ և առաջին հերթին արտահանման ոլորտում, ինչպես նաև ստեղծում է աշխատատեղեր՝ պատրաստի արտադրանքի արտահանման առումով: Ինչը, հասկանալի է, ոչ միայն դրական ազդեցություն ունի ՀՀ տնտեսության, այլև ավելի հատվածական ՀՀ քաղաքացիների կյանքի վրա.
«Հայաստանի տնտեսությունը միանշանակ շահում է ԵԱՏՄ անդամակցությունից, ինչն ապացուցեցին անդամակցության այս տարիները: Անգամ ՌԴ դեմ տարվող պատժամիջոցային պատերազմը ցույց տվեց, թե որքան ամուր ու կայուն է ԵԱՏՄ-ն և Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները դրա վառ ապացույցն են: Իսկ գրագետ կառավարումը կարող է ավելի շատ օգուտներ տալ մեր երկրին»,- վստահություն հայտնեց Ղուկասյանը:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ նշեց, որ Հայաստանը պետք է ձեւակերպի կարեւոր խնդիրներ ԵԱՏՄ շրջանակում ներուժն իրացնելու համար.
«ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում, հատկապես միգրացիոն հոսքերի համակարգման համար Հայաստանի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա համապատասխան ընթացակարգերի ձեւավորման գործում, որոնք թույլ կտան օրենսդրորեն լուծել միգրացիայի հիմնախնդիրները, կազմակերպությունների ձեւավորումն ու գործազրկության մակարդակի նվազեցումը։ Հայաստանն աշխատուժ արտահանող երկիր է, առանց ակտիվ միգրացիոն քաղաքականության իրավիճակը չի կարող էապես փոխվել։ Առայժմ դրամական փոխանցումները եւ միգրանտները ընդլայնում են սպառողական շուկան, շինարարությունը եւ ծառայությունների արտադրությունը։ Մինչդեռ աշխատանքային ռեսուրսների պետական քաղաքականությունը պետք է խթանի հայրենադարձության աճը»,- ընդգծեց նա:
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանն անդրադարձավ Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որի ընթացքում կարևոր մեսիջներ հնչեցին: Մասնավորապես, շեշտադրվեց գազի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման կարևորությունը, տնտեսության թվայնացման հարցը և այլն: Փորձագետի խոսքով՝ Հայաստանի փորձագիտական դաշտը պետք է վերլուծի բոլոր շեշտադրումները, որ հնչեցին ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետերի կողմից, քանի որ այդ ամենը անմիջականորեն փոխկապակցված է մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության հետ.
«Աշխարհը կանգնած է գլոբալ փոփոխությունների առջև, և տնտեսական գործոնը այդ կոնտեքստում չափազանց կարևոր է, քանի որ միայն զարգացած տնտեսություն ունենալով կարող ենք խոսել զարգացնել անվտանգային կոմպոնենտը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ փորձագիտական հանրությունը ճիշտ բանաձևեր առաջարկի՝ ԵԱՏՄ անդամակցությունից ընձեռվող հնարավորություններից լիարժեք օգտվելու համար»,- հավելեց նա:
Նշենք, որ կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից, քննարկմանը մասնակցեցին հայաստանյան բուհերի տասնյակ ուսանողները: Քննարկման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում: