Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարկ եմ համարում նշել այս համատեքստում ԱՊՀ դերի կարևորությունը։ Այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։
Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմորոշվել հետևյալ հարցերի շուրջ:
Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։
Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։
Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։
Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։
Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։
Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։
Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին:
Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։
Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։
Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ",- ասել է Փաշինյանը։