25.11.2024
Բաքուն հայտնում է Երևանին ընդլայնված փաստաթուղթ ներկայացնելու մասին
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը պարզաբանում է Ղրիմի կամրջի վրա պայթյունի հետ կապված հրապարակումները

Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը՝


«Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022 թ-ի սեպտեմբերի 27-ին ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։


Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը, հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից «Border Cross» համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը: Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ-ի սեպտեմբերի 28-ին ժամը 9:43-ին «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված» կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ-ի սեպտեմբերի 29-ին ժամը 16:12-ին, հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։


Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնավերվել և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:


Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։


Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։


Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարգիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին ժամը ժամը` 16:16:


Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտը այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:


Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:


Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։


Այսիպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:


Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում»։