Բորելը Բայրամովին կոչ է արել լիցքաթափել իրավիճակը և պահպանել հրադադարը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Հայաստան – Ադրբեջան սահմանի բախումները քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին խորը քննարկում եմ ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կոչ եմ արել իրավիճակի լիցքաթափման և հրադադարի պահպանման։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը [Տոյվո Կլաար] մեկնում է Բաքու և Երևան՝ օժանդակելու այդ ջանքերին»,- Թվիթերում գրել է Բորելը։
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին:
Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։