ՀԱՊԿ-ը Զասի գլխավորությամբ Հայաստան առաքելություն կուղարկի իրավիճակը գնահատելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։
Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։
Խորհուրդը նաեւ լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին եւ համաձայնեցրել է աշխատանքային խմբի ստեղծումը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար։
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին:
Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։