23.11.2024
Բելառուսն առաջարկել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղարկել հայ-ադրբեջանական սահման
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախային կրակ է արձակել քաղաքացիական ավտոմեքենաների վրա. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։


Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։


Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։


Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները։


Պաշտպանին ներկայացվել են այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։


Քաղաքացիների կողմից առանձնազրույցների արդյունքում արձանագրվել է նաեւ նրանց գույքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու եւ սեփականությունից զրկվելու վերաբերյալ հարցեր։


Անգամ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։


Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։


Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետեւանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին եւ զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։


Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաեւ քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։


Փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։