23.11.2024
Նախագահ Խաչատուրյանը դիմել է Հայաստանի միջազգային գործընկերներին
prev Նախորդ նորություն

ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայումը ՀՀ-ում կլիներ լավագույն լուծումը. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ կանոնադրության հիմանարար դրույթները, Ադրբեջանը կիրառում է ագրեսիվ ուժ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և սա նորություն չէ։ Այս մասին քիչ առաջ «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ինչպես հայտնում է infocom-ը, Կիրակոսյանի խոսքով, այս ամենը նորություն չէ, քանի որ 2021 թվականի մայիսին տեղի ունեցած առաջխաղացումը դեպի ՀՀ անվիճելի տարածքի խորք և այնտեղ ադրբեջանական ուժերի տեղակայումը ինքնին ագրեսիա էր և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ «Երեկ տեղի ունեցածը այդ ամենի շարունակությունն է։ Դա միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի է և առաջացնում է ՀՀ անքակտելի իրավունքը՝ կիրառելու զինված ուժ՝ ի պատասխան այդ խախտման»։


Կիրակոսյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում պատշաճ ձևով կքննարկվի այս հարցը և ԱԽ-ն ի զորու կլինի ձեռնարկել միջոցներ տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ։


Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստան ուղարկվեն նոր խաղաղապահ խմբեր, Կիրակոսյանը նշել է, որ, իր կարծիքով, դա կլինի լավագույն լուծումը, չնայած դա բարդ է կանխատեսել՝ հաշվի առնելով այսօրվա գլոբալ քաղաքականությունը։


«Պետք է նմանատիպ, նոր, միգուցե նաև բազմազգ ներկայություն, որպեսզի հնարավոր լինի կայունացնել իրավիճակը։ Մենք դիմել ենք նաև ՀԱՊԿ-ին, որը, ցավոք սրտի, մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ որևէ գործում աշխատելու ունակ չէ, բայց, ամեն դեպքում, փորձել կարելի է։ ՄԱԿ հարթակում հնարավոր բոլոր ջանքերը գործադրելը կարևոր եմ համարում։


Առավոտվանից մենք աշխատանքներ ենք իրականացրել, հավաքագրել ենք ինֆորմացիա և մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակներով դիմել ենք ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ մինչ նրա հայրենադարձումը»։


Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը ևս մեկ դիմում կուղարկի ՄԻԵԴ, որը կվերաբերի ներկա վիճակին․ «Դրանց արդյունքում կան քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ, վիրավոր քաղաքացիներ և այդ ամենը պետք է գնահատվի և իրավական գործիքները գործի դրվեն՝ խախտումները արձանագրելու համար»։


Նա նաև նշեց, որ պատրաստվում են նամակ ուղարկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։