Գեղարքունիքի մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա. մարզպետ
Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։
Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։
«Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին:
Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։