29.11.2024
Բաքուն ակտիվացնում է Իրան-Ադրբեջան-Վրաստան միջանցքը
prev Նախորդ նորություն

Freedom House. Ալիեւը պատասխանատու է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի համար

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիտողություններն իր հասցեին:

Turan-ը, վկայակոչելով այդ կազմակերպության կայքը, հայտնել է, որ Freedom House-ի գործող նախագահ Դենիել Քալինգաերթը իր հայտարարությամբ խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիեւի կառավարությանը:

«Նախագահ Ալիեւն է պատասխանատու վերջին 10 տարում մարդու իրավունքների սարսափելի վիճակի եւ քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալման համար»,- ասել է Դենիել Քալինգաերթը:

Նա ընդգծել է, որ Freedom House-ը կշարունակի Ադրբեջանին առնչվող իր աշխատանքը: «Freedom House-ը իր ջանքերը կշարունակի, որպեսզի ուշադրություն հրավիրի Ալիեւի կառավարության կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների վրա»,- ընդգծված է հայտարարության մեջ:

Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության Միջխորհրդարանական կոմիտեի պատվիրակությանը: Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Freedom House կազմակերպությանը մեղադրել է կողմնակալության եւ հայամետ դիրքորոշման համար: