Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պռոմեղադրական դիրքորոշումը Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ անգամ զգացինք մեր մաշկի վրա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով, քննիչը ներկայացրել էր կալանքը երկարացնելու միջնորդություն, որի հիմքում դրել էր նախկին օրենսգրքի կարգավորումները, նախկին մեղադրանքով: Այնինչ միջնորդությունը ներկայացվել է հուլիսի 9-ին և 7 օր է, ինչ նախկին օրենսգիրքը չէր գործում: Սահմանադրական դատարանը շատ հստակ դիրքորոշում ունի, որ կալանքի հիմքում ընկած մեղադրանքը պետք է լինի օրինական:
Նիստը բացվելուն պես Ալեքսանյանը սկսեց քննիչին կշտամբել: Դատավորը զայրացավ և տվեց մինչև հաջորդ օրը ժամանակ, որպեսզի միջնորդության հիմքում ընկած մեղադրանքը օրինականացվի, նշեց փաստաբանը։
Հարությունյան ավելացրեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ պահանջում է, որ եթե կալանքի երկարացման միջնորդություն եք ներկայացնում, ապա պետք է հիմնավորեք, որ այն ընթացքում, երբ անձը գտնվել է կալանքի տակ, նախաքննություն իրականացնող մարմինը անգործության մատնված չի եղել: «Բայց մեր պարագայում քննիչը չի հիմնավորել: Ալեքսանյանը կրկին բարկացավ քննիչի վրա: Նրանց հիմնական նպատակը եղել է այդ ընթացքում Չալաբյանին պահել կալանքի տակ»,- ասաց նա:
Վարազդատ Հարությունյանը նաև նշեց, որ Չալաբյանի կալանքը քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ 15 օրով կալանքը երկարացնելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել են դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողով։
«Մենք գտնում ենք, որ Ալեքսանյանի կայացրած դատական ակտը ապօրինի էր, իսկ դատական ակտը՝ Չալաբյանին ապօրինի կերպով ազատությունից զրկելն էր »,- ասաց Հարությունյանը:
Փաստաբանի ներկայացմամբ, Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար կա ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական պատճառ, որի մասին, սակայն, կարող է խոսել միայն ինքը` Չալաբյանը։
Նա հավելեց, որ վաղը Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է` դատական լսումներ են. նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ժամը 13։00-ին։