25.11.2024
Ողբերգական դեպք «Արթմեդ» ԲԿ-ում. վերելակը պոկվել է, տղամարդը մահացել է
prev Նախորդ նորություն

Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովի ամբիոնից ճիշտ չի ասել. Գեղամ Մանուկյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարությամբ.

"Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» օրինագիծը, որում նախատեսվում է Գլխավոր շտաբի պետի կարգավիճակի փոփոխություն՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ ամրագրելուն: Քննարկման ժամանակ պատգամավոր Վիլեն Գաբիելյանի կողմից մի հատկանշական արտահայտություն է եղել: Երբ Ռուբեն Ռուբինյանը հարցրել է, թե ընդդիմությունն արդյոք մասնակցե՞լ է օրինագծի քննարկմանը, Վիլեն Գաբրիելյանն արձանագրել է, թե ընդդիմությունը չի մասնակցել, ու մտահոգված է, թե ընդդիմությունն ավելի շատ անհանգստացած է, որ եռամսյա զորահավաքին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել ընդդիմադիրներին և նրանց կողմնակիցներին:

Հայտարարում եմ պաշտոնապես՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում:

««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» օրինագիծը դեռ ամիսներ առաջ քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում, նաև փակ աշխատանքային քննարկում է եղել, որտեղ մասնակցել են ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը, ես: Բազմաթիվ դիտողություններ, առարկություններ ենք ներկայացրել, խոսել ենք նախագծի վտանգավորության մասին, անգամ գրավոր առաջարկներ ենք ներկայացրել, որովհետև համարել ենք, որ Գլխավոր շտաբի պետին որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ ընդգրկելը քաղաքական իշխանության վերահսկողության սահմանում է բանակի վրա: Այո, բանակը ենթարկվում է կառավարությանը, բայց, տվյալ դեպքում, առաջին տեղակալի կարգավիճակով Գլխավոր շտաբի պետը քաղաքականացված պաշտոն է դառնում, որովհետև նախարարը քաղաքական նշանակումով է պաշտոնավարում:

Բազմաթիվ այլ հիմնախնդիրների մասին էինք խոսել, որոնք Պաշտպանության նախարարությունը խոստացավ քննարկումների ժամանակ հաշվի առնել, մի մասն էլ մերժվեց:

Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի ասում. մենք մասնակցել ենք այս նախագծի քննարկմանը, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանությունը մեզ համար անկյունային հարց է:
Ինչն է հատկանշական. դեռ ամիսներ առաջ էր այս նախագիծը բերվել ԱԺ: Հիմա հապշտապ, արտահերթ նիստով այն անցկացնելն ուղղակի անհասկանալի է:

Երկրորդը. այսօր նաև քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրինագիծը: Վիլեն Գալստյանը կրկին ասում է, թե ընդդիմությունն այս նախագծի քննարկմանը չի մասնակցել: Իրականում այս նախագծով ոչ էական փոփոխություններ են նախատեսված: Փոխարենը, նախկինում ընդդիմությունն առաջարկներ է ներկայացրել զինծառայողների կարգավիճակի, սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերում: Նախ. բանակի սպայական ամբողջ կազմին վարձով բնակարանների փոխհատուցում տրամադրել առանց թղթաբանության մեջ խորանալու: Սա մերժվել է: Առաջարկներ ենք ներկայացրել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ, երբ առաջարկվում էր պատերազմում զոհվածների եղբայրներին չզորակոչել բանակ: Առավել ընդլայնված նախագիծ ենք բերել, որն էլի իշխանության կողմից մերժվել է:

Այնպես որ, այս օրենքների նախագծերը համարում ենք շատ կարևոր, և այնտեղ, որտեղ կար բուն աշխատանք, տեսախցիկներ չկային, ակտիվ մասնակցել ենք:

Ի դեպ, ասեմ ևս մի կարևոր նախագծի մասին. «Աշխարհազորի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, այդ ժամանակ քննադատել ենք Պաշտպանության նախարարությանը, իշխանությանը, որ օրենքն ընդունվել է 2021 թվականի աշնանը, սակայն արդեն տարուց ավել աշխարհազորը, որպես այդպիսին, ձևավորված չէ: Ավելին ասեմ, հատուկ աշխարհազորի գծով մարզպետների տեղակալներ կային, որոնց մի մասը հրաժարական տվեց, մինչև հիմա աշխարհազորի գծով փոխմարզպետների հաստիքները համալրված չեն:

Ինչ վերաբերում է այդքան չարչրկված թեմային, որ մենք հիմա բարձրաձայնում ենք եռամսյա հավաքներին ընդդիմադիրներին ծանուցագրեր ուղարկելու մասին, ապա մենք ոչ թե քննադատում ենք, թե ինչի են ուղարկել, այլ դատապարտում ենք, որ այդ ծանուցագրեր ուղարկելն իշխանությունը դարձրել է քաղաքական պատժի միջոց: Դատապարտում ենք, որ եռամսյա հավաքներին մասնակցությունը իշխանությունը պատկերացնում է պատժի տեսակ և ոչ թե հայրենիքին ծառայել, ոչ թե հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու այն հպարտության զգացումը, որն ունեցել են մեր բոլոր զինակիցները, որոնք այսօր ծանուցագրեր են ստացել, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առանց ծանուցագրի, շտապել են առաջնագիծ, ի տարբերություն այսօր պառլամենտում նստած բազմաթիվ իշխանական պատգամավորների, որոնք, Գորիսում նկարահանվելով, գլուխ էին գովում, թե առաջնագծում են, մասնակցում են ռազմական գործողություններին:

Կրկնում եմ. Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովի ամբիոնից ճիշտ չի ասել:

Հ.Գ. Լուսանկարն արված է այսօր, մի քանի ժամ առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում, որտեղ արձանագրում էինք վերջին ամիսներին ՀՀ տարածքում թշնամու ուժերի առաջխաղացման փաստերը: Այս մասին առավել մանրամասն կներկայացնեմ ավելի ուշ: