24.11.2024
Համաներումը կտարածվի՞ «Սասնա ծռերի» վրա. Հանրային խորհուրդը քննարկում է, գլխավոր դատախազի թեկնածուն՝ խուսափում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը և կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները։ Կողմերը, տվյալ դեպքում բանակցողները՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն համաձայնեցրել են բոլոր փոփոխությունները։ Երեկ արդեն այդ փոփոխությունները փոխանցվել են Ազգային ժողովի մյուս ոչ իշխանական՝ մասնավորապես 4+4+4 ֆորմատի քննարկումներին մասնակցող խմբակցություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին։ Կառավարությունում այս օրերին տեղի ունեցող հրաժարականներից ու փոփոխություններից հետո արդեն կհայտարարվի այս փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, ինչն արդեն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ արդեն ՀՀԿ նիստում ելույթ է ունեցել` խոսելով վարչապետ նշանակվելուց հետո կատարելիք իր ծրագրերի մասին: Ու այսօր ամենաշատ հնչող հարցն այն է, թե ինչու Հայաստանից նեղացած, հեռացած Կարեն Կարապետյանը վերադարձավ: Ինչպես հայտնի է՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո նոր վարչապետը պետք է նշանակվի ՀՀ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով: Եթե անգամ ՀՀԿ-ն խորհրդարանում պահպանի մեծամասնությունը, ապա միեւնույն է՝ ԿԿարապետյանն այլեւս չի կարողանա նշանակվել ՀՀ վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին չորս տարին մշտապես բնակված լինի Հայաստանում: Իսկ նա 2011-ից չի բնակվում Հայաստանում, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում 7 ամիս է պաշտոնավարելու, որից հետո պետք է հրաժարական տա: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչու է նա համաձայնել: Ըստ ամենայնի, նրան անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն օգտագործել եւ բացի «Գազպրոմի» նախագահ Միլերից, կապեր հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Ու երբ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկվի, չի բացառվում՝ կրկին լքի Հայաստանը: Հիշեցնենք` Տիգրան Սարգսյանի համար էլ ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին» դարձավ` ՌԴ էլիտայում տեղավորվելու համար որպես ԵՏՄ վարչապետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը եւ կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ ամիս Սերժ Սարգսյանը իր հավատարիմ շրջապատում (Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Բարսեղ Բեգլարյան, Զորի Բալայան եւ այլք) քննարկել է իր իշխանության պահպանման անհրաժեշտ տարբերակները` հայտարարելով, որ առաջիկայում իրեն լայն աջակցություն է անհրաժեշտ լինելու: Ու հենց այդ հանդիպումից հետո նա հայտարարեց «ազգային համաձայնության» կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Հիմա «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները Երեւանում սկսել են իրենց շրջապատում տարածել հետեւյալ միտքը, թե Սերժ Սարգսյանից բացի այլընտրանք չկա, ուստի բոլորը 2017-ին ընդառաջ պետք է միավորվեն հենց նրա շուրջ: Այս քարոզչությունը շուտով կդառնա «պետական ուղղվածություն» եւ կհնչի ամենուր: Իսկ թե ինչով կավարտվի, ժամանակը ցույց կտա»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների հետ կհանդիպի եւ նրանց հարցերին կպատասխանի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը, որին Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներկայացնել խորհրդարանին»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կա մի խավ, որը նրան չի ընդունում։ Դա հիմնականում քրեաօլիգարխիկ խմբի այն հատվածն է, որն ունի, այսպես ասած՝ գողականի համարում։ Այդպիսով, ՀՀԿ-ում այս մի քանի օրերին անցկացրած մեր մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ Կարեն Կարապետյանին չեն ընդունում հատկապես Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նման եւս մի քանի անդամներ։ Բեգլարյանը ՀՀ ապագա վարչապետի հետ կապված շատ տխուր եւ ճակատագրական հիշողություն ունի՝ 2010թ. երբ նրան պաշտոնանկ արեցին Երեւանի քաղաքապետի պաշտոնից, փոխարենը Կարապետյանին նշանակեցին։ Այն ժամանակ դեռ լուրեր էին շրջանառվում, որ Բեգլարյանն այդպիսով քեն եւ բարդույթներ ունի վերջինիս նկատմամբ, թեեւ նա որեւէ կերպ չէր միջամտել այդ պաշտոնանկման ու իր նշանակման համար։ Եվ հիմա իզուր չէ, որ արդեն տեղեկություններ են շրջանառվում, թե Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջ պայման է դրել, որ իր ձեւավորած կառավարությունում Բեգլարյանը չպետք է լինի։ Կարապետյանին իշխանության բուրգում, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Նախ, ինչ-որ ժամանակ Խաչատրյանն ինքն է ձգտել վարչապետի պաշտոնին, հատկապես, երբ ֆիննախն ու ՊԵԿ- ը միացված էին, ու ինքը սուպերնախարար էր։ Բացի այդ, այս երկու պաշտոնյաները իրար հաջորդելով եւ ունենալով խոշոր բիզնեսներ՝ իրենց վարչական լծակները ծառայեցնում են սեփական շահերին։ Եվ տնտեսական այս խորը ճգնաժամային իրավիճակում, հարկային եկամուտների թերհավաքման պայմաններում այս երկու պաշտոնյանները բնազդով իսկ կզգան, որ իրենք ու Կարապետյանը նույն կառավարությունում համատեղելի չեն։ Եվ նրանց դեպքում նույնպես իզուր չեն այն տեղեկությունները, թե տեղ չեն ունենա նոր ձեւավորվող կառավարությունում կամ գոնե այդ նույն պաշտոնները չեն զբաղեցնի»։