23.11.2024
«Հայաստանի նոր ազգային պակտը». Ավետիք Չալաբյանի հոդվածը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Անգամ Լավրովն է նկատել, որ միայն ՀՀ դեսպանն է թիկնապահով շրջում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ամեն տեղ գնում է թիկնապահների ուղեկցությամբ: Անգամ ՌԴ պետական կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում, ինչը զարմացրել է ռուս չինովնիկներին: Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ նոր հաստիք է մտցրել՝ օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է դեսպանի եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի: ՌԴ-ում ՀՀ դեսպանը զգուշանում է ամեն ինչից: Նրա այցելուները հեռախոսը դրսում են թողնում, աշխատասենյակ են մտնում առանց բջջայինի: Այս մանրամասներն են պատմում Հայաստանի դեսպանատան միջանցքներում: Դեսպանի՝ թիկնապահներով շրջելու վերաբերյալ մեր տեղեկությունը ՀՀ ԱԳՆ-ից հերքում են: Քննարկվող թեմա է աշխատողների շրջանում նաեւ դեսպանատան ֆինանսավորման սպասվող ավելացումը: Չի բացառվում, որ հավելյալ գումարներով կթարմացվի դեսպանատան ավտոպարկը: Ի դեպ, վերջերս Մոսկվայի հայերը նկատել են, որ կարմիր դիվանագիտական պետհամարանիշներ են տրամադրվել ռուսաստանաբնակ որոշ հայ գործարարների: Մեր տեղեկությունները ճշտելու նպատակով գրավոր դիմեցինք ԱԳՆ, որից վերջին շրջանում, ի պատասխան մեր հարցերին, միայն երկու բառ ենք ստանում. «Չի համապատասխանում իրականությանը»: Վերջին հարցումների հերքումները կներկայացնենք ստանալուն պես»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝ թող հրապարակի ողջ ձայնագրությունը, որը մոտ երկուսուկես ժամ է։ Այնտեղ շատ բան իր շահերից չի բխում, եւ, մեր տեղեկություններով, ձայնագրության ամբողջական հրապարակումը կարող է հենց իր` Ջհանգիրյանի համար կործանարար լինել: Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ զրույցի մյուս մասերում նա ոչ պակաս գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Վարդազարյանը, ըստ էության, խնայել է նրան՝ դա չհրապարակելով։ Բայց ամենաուշագրավը Հոկտեմբերի 27-ի մասն է: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ է ասել, իսկ Վարդազարյանը չի պատասխանում զանգերին, որ ուղղեինք այդ հարցը: Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, վերջինս վիրահատվել է, թեեւ եթե կարողանայինք մեկնաբանություն ստանալ, թերեւս կասեր, որ Վարդազարյանին «կտեր» է տվել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության մի մասի հրապարակումից անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն վերջինս հրաժարական չի տվել, և քրեական գործ էլ հարուցված չէր գոնե երեկվա դրությամբ: Այս օրերին ավելի շատ քննարկվեց զրույցի ձայնագրման «բարոյականության» թեման, քան առերևույթ հանցանքի գործոնն ու, ընդհանրապես, անկախ դատական համակարգի մասին իշխանությունների հայտարարությունների և իրականության տարաբևեռությունը: Օրինակ՝ զրույցի ժամանակ Ջհանգիրյանն ասում է, թե «ես սաղ փակել եմ, էս պահին որևէ բան չի գնում, սկսած Վահագի գործից»: Իսկ ո՞վ է այդ «Վահագը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը Վահագն Աբգարյանի մասին է, որն ավելի շատ հայտնի է որպես «Ալավերդցի Վահագ»: Իսկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրգործի մասին, որով նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Մասնավորապես, ըստ գործի, Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ, դիմել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, որպեսզի վերջինս կալանքից ազատի «Ալավերդցի Վահագնին»: Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ այդ գործը հարուցվել է Ջհանգիրյանի ու Վարդազարյանի զրույցից մոտ երկու ամիս անց: Այսինքն, Ջհանգիրյանը ոչ միայն խոստովանում է, որ գործեր է «փակել տալիս», այլև խոսում է «ապագայի» քրգործի մասին: Ու առնվազն տարօրինակ է, որ նա այդքան լավ ծանոթ է եղել նույնիսկ հետագայում հարուցվելիք գործին: Ճիշտ է, հետո նա փորձեց արդարանալ, թե «կուտ է տվել», սակայն դեռ պետք է հասկանալ, թե որ հայտարարությունն է ավելի շատ «կուտ»՝ բուն զրույցի՞ խոստովանությո՞ւնը, թե՞ Հանրայինի հարցազրույցի «արդարացումները»: 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Օրաթերթի տեղեկությունների համաձայն, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար կպայքարեն Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը խոստացել է երեք թեկնածուներից օգնել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին եւ նրան դարձնել նոր ստեղծվելիք դատարանի դատավոր: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիպարիտ Մելիքջանյանին քաղաքական իշխանությունները խոստացել են նաեւ ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, ու, ըստ դատական հանակարգի, այս քայլին գնալով՝ իշխանությունները շնորհակալություն են հայտնում Մելիքջանյանին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար: Նկատենք, որ Մելիքջանյանն այն անձանցից մեկն է, որը ստորագրել է Վարդազարյանի լիազորությունների դադարեցման որոշման տակ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրան մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն ընդունված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված էր: Սակայն դատական նիստերից մեկի ժամանակ դատախազի կողմից ասվել էր, թե օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է` փոփոխություններն արդեն իսկ արել են հատուկ Չալաբյանի համար: «Քրեական նոր օրենսգրքում փոփոխությունները նախաձեռնել և գաղտագողի արել են` առանց հանրային քննարկման, առանց որևէ ընթացակարգային պահանջի պահպանման: Փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, բայց դեռևս չի ստորագրվել նախագահի կողմից»,-ասում է նա` ընդգծելով, որ, իրենց գնահատմամբ, այս փոփոխությունն արվում է բացառապես մեկ` Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակով: Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։ Դատարանը հետաձգել էր գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակել հուլիսի 21-ին: «Այդ նիստից առանձնապես ակնկալիքներ չկան: Հուսով ենք` մինչ այդ խափանման միջոցի հարցով հանգուցալուծում կլինի: Հուլիսի 12-ին ավարտվելու է կալանքի երկամսյա ժամկետը: Ստացվում է` քննիչը պետք է դատարան մտնի երկարացման միջնորդությամբ: Հուսով ենք, որ չի երկարացվի»,-եզրափակեց Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։ Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլեւ դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ դա նոր կարգ է` այսուհետ նիստերի օրերին ուժեղացված հսկողություն են իրականացնելու»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած սպանությունների թեման իշխանությունները փորձեցին «ջրել» և իրենցից հեռացնել, սակայն լրատվամիջոցները նշում էին, որ այդ իրադարձությունների գլխավոր գործող անձինք ԱԽ քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի քպական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են եղել: Ավելին, կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները շաբաթ օրը բողոքի ակցիա իրականացրեցին Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նշյալ պաշտոնյաներին ու նրանց ազգականներին։ Սպանվածներից մեկի հորեղբայրը նույնիսկ պնդել էր, որ պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ու նրա եղբորորդին «անձամբ մասնակից են եղել, կազմակերպիչ են եղել»: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բուռն քննարկում է եղել, և Մաթևոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել: Մեր աղբյուրները նշում են, որ հատուկ շեշտվել է, թե այս դեպքում թիրախում են հայտնվում ՔՊ-ն ու անձամբ վարչապետը:


Ուրեմն, պետք է առնվազն քաղաքական պատասխանատվության խնդիր լուծվի, ինչպես, օրինակ՝ 2014 թվականին եղավ Ռուբեն Հայրապետյանի դեպքում «Հարսնաքարի» իրադարձությունների ֆոնին: Այն ժամանակ էլ կարող էին թիրախավորվել ՀՀԿ-ն ու անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, և Հայրապետյանը մանդատը վայր դրեց, քանի որ, թեպետ անձամբ «Հարսնաքարում» չէր եղել, սակայն համալիրն իրենն էր, իսկ անվտանգության աշխատակիցները փաստացի համարվում են իր աշխատակիցները։ Ապարանի դեպքում իրադարձությունները կապվում են ոչ միայն քպական պաշտոնյաների ազգականների հետ, այլև, ինչպես նշեցինք, ականատեսները պնդում են, որ Ասատրյանն անձամբ է ներկա եղել։ Ավելին, Ապարանում խոսում են, որ նա այստեղ շատ մեծ ազդեցություն ունի, յուրատեսակ «ֆեոդալ» է, վախի մթնոլորտում է պահում բնակչությանը և իշխանության համար Ապարանի մասով հիմնական հարց լուծողն է։ Ասում են՝ այստեղից էլ գալիս է Մաթևոսի համարձակությունը. նա, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրաժարվում է մանդատը դնելու թեման առհասարակ քննարկել՝ ասելով, որ ՔՊ-ի համար անգամ Փաշինյանը այնքան չի արել, որքան ինքն ու իր եղբայրը, որը Ապարանի «ջրմուղի» պետն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում քննարկում են մինչեւ տարեվերջ Երեւանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Օրերս գրել էինք, որ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նոր նախագիծ, որը հնարավորություն կտա ավագանուն ինքնալուծարվելու որոշում կայացնել։  Այս շտապողականությունը մի քանի բացատրություն ունի․ ժամանակն իրենց օգտին չի խոսում, չեն ուզում հերթական ընտրություններին գնալ, որ ընդդիմությունը պատրաստվելու ժամանակ չունենա: Բացի այդ` արտաքին գործընթացները, օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրումը, չեն կարող շատ ձգել, իսկ ցանկացած փաստաթղթի ստորագրում կնվազեցնի իշխանության վարկանիշը։ Թեեւ իշխանությունը հույս ունի, որ Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ ամենաքիչ ասոցացվող թեկնածուներից է, եւ նրա կողմից Երեւանի ավագանու ցուցակը գլխավորելը կնվազեցնի պարտության հավանականությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցը եւ որոշել ներկայացնել ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ Սեպտեմբերին լրանում է նրա՝ ՀՌՀ անդամության ժամկետը․ նա ընտրվել է 2016-ի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2019-ին ՀՌՀ նախագահ է դարձել եւ կատարել իշխանությունների բոլոր հանձնարարությունները։ Հակոբյանին ընտրելու է ԱԺ-ն։ ՔՊ-ն առաջիկա օրերին կառաջադրի Հակոբյանի թեկնածությունը, ապա արտահերթ նիստում կընտրի նրան։ Ի դեպ, ՔՊ-ում տրտնջում են, որ մինչեւ հուլիսի կեսերը, չի բացառվում՝ վերջը, խորհրդարանում պետք է լինեն, քանի որ արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն՝ կիսատ մնացած նախագծերն անցկացնելու համար»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական աժիոտաժը հայտարարված է բացված: Այս օրերին ՔՊ-ականները մարզից մարզ են մեկնում, գրասենյակներ հիմնում, անդամատոմսեր բաժանում, որ ցույց տան իրենց ակտիվությունը: Ասում են, որ իրենց շեֆը ամեն շաբաթվա վերջին կոնկրետ արդյունքերի համար «դակլադ» է պահանջում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց: Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն: Վերջերս, օրինակ, պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ, ըստ մեր լուրերի, խստագույնս է շահագրգռված հայտնվելու ՔՊ վարչության կազմում, Վեդիում է հանդիպում ունեցել: ՔՊ-ական մեկ այլ՝ լոռեցի պատգամավոր Արփի Դավոյանը կամ ուջանցի Գեւորգ Պապոյանը վերջերս հանդիպել են կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները: «Այժմ ամեն մեկը փորձում է ծանոթներ ու մտերիմներ գտնել, որպեսզի հոկտեմբերին կայանալիք համագումարի ընթացքում ամրագրի իր ցանկալի տեղը ՔՊ վարչության կազմում: Դրա համար պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում, սիրաշահում են, «ծանոթ են մեջ գցում», աշխատանքի տեղավորելու, օգնելու տարբեր խոստումներ են տալիս եւ այլն»,- ասաց մեր ՔՊ-ամերձ զրուցակիցը: Ի՞նչ է ստացվում. «կոռուպցիան արմատախիլ» անելու մասին խոստում տված Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցության ներսում այժմ ներկուսակցական կոռուպցիա է տիրում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում արդեն իսկ նախընտրական տրամադրություններ են տիրում: Պատրաստվում են Սիսիան ու Քաջարան համայնքներում սեպտեմբերին կայանալիք ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին: Իշխանությունն արդեն գտել է իր թեկնածուներին, իսկ թե ընդդիմադիր դաշտից որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, դեռ ձեն-ձուն չկա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանականները կրկին ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ, ակնկալում են նրանց օգնությունը, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների պես խոշոր հաշվով չպարտվեն ընդդիմադիրներին։ Որոշ համայնքներում էլ համայնքապետի կամ ավագանու պաշտոններին նախկինների մարդկանց են առաջադրել։ Դիցուք, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղի ՔՊ-ական թեկնածու Անզոր Ուռուսյանը ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մտերիմներից է, դեռեւս նախորդ՝ 2017-ի ընտրություններին Ուռուսյանն առաջադրվել էր, ունեցել էր Սահակյանների աջակցությունը, սակայն պարտվել էր անկուսակցական Ջամս Մախմուդովին։ Այս անգամ նա ոչ միայն Սահակյանների, այլեւ իշխանական պատգամավոր՝ ապարանցի Մաթեւոս Ասատրյանի աջակցությունն ունի։ Ի դեպ, Ալագյազը միակ համայնքն է, որտեղ աշնանը սպասվող ընտրություններն անցկացվելու են ոչ թե համամասնական կարգով, այլ՝ մեծամասնական: Այսինքն՝ թեկնածուները ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվելու, այլ՝ միայնակ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մինչեւ 4 հազար բնակիչ ունեցող համայնքներում մեծամասնական ընտրակարգն է գործում: Իհարկե, ՔՊ-ում օրենքի իմացության հետ կապված խնդիրներ ունեն եւ օրերս կուսակցության ֆեյսբուքյան էջով ներկայացրին ցանկ՝ կից գրելով, որ այս մարդիկ են գլխավորելու «առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները»։ Երեկ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ կուսակցությունում չգիտե՞ն, որ Ալագյազում այլ ընտրակարգ է գործելու։ Պատգամավորը դրական պատասխան տվեց՝ ասելով, թե պարզապես իրենց թեկնածուներին են ներկայացրել»: