24.11.2024
ՀՔԾ. Մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 5 տոննա հոգեմետ նյութ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կառավարությունում սկսելու են արմատական փոփոխություններ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Սկսենք Գեղարքունիքից: Սեւան Սեւան քաղաքում իրավիճակը անպատկերացնելի խճճված է: Այստեղ ինքնառաջադրվել են միանգամից 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, որը համարվում է բավականին թույլ թեկնածու ի տարբերություն մյուս մրցակցի: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաեւ Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, որը համակիրներ ունի քաղաքում: Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը: Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս է եկել» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվռտոցի վերածված Սեւանի ընտրապայքարին: Ավանդաբար Սեւանի ընտրությունների ժամանակ իր դերակատարումն է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դեռեւս ՌՈ պետ եղած ժամանակներից… Վարդենիս քաղաքում թեեւ թեկնածուները քիչ են, բայց իրավիճակը պակաս խճճված չէ: Այստեղ 3 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երկուսը Հանրապետական են. քանի որ Վարդենիսի քաղաքապետը նաեւ ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարն է, ուստի կառույցը որոշել է ՀՀԿ-ի անունից առաջադրել գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, սակայն ՀՀԿ-ն դեռեւս պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել: Երկրորդը ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու, «ԼիկաԱլեն» ՍՊԸ տնօրեն, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Մկրտչյանն է: Երրորդ թեկնածուն անկուսակցական է՝ «Էյ.Ի. ջի սերվիս» ՍՊԸ ծառայության պետ Գնել Խչեյանը: Տեղեկացնենք, որ Վարդենիսի քաղաքապետը 14 տարի է՝ աշխատում է այդ պաշտոնում, սակայն արված աշխատանքը Վարդենիսում այդպես էլ չի երեւում»…:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։ Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, և այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու։ Նշենք, որ ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուները ԱԺ-ում ընտրությունից առաջ պետք է հանդիպեն խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ։ Իսկ այդ թեկնածուներին առաջադրում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր անդամների մեկ երրորդի կողմից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկանում է պաշտոնապես հրապարակված հաշվետվություններից: Իսկ ամենակարեւորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի էժան է եղել: Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, եւ միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով՝ 42,9 դրամով «Հրազդան ՋԷԿ»-ից: Այսպիսով, Հայաստանի բնակչությունը ստիպված է թանկ գնով էլէներգիա սպառել, չնայած որ մեր երկրի համար անհրաժեշտ էլէներգիայի 95 տոկոսը կազմում է, այսպես կոչված, էժան էլէներգիան: Ի դեպ, հավելենք, որ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի գնելուց հետո ՀԷՑ-ում էլէներգիայի կորուստները շեշտակի նվազել են»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում եւ, մասնավորապես, ոստիկանությունում աշխատակիցները սրտատրոփ սպասում են սեպտեմբերի 10-ին։ Համակարգի աշխատակիցներից տեղեկացանք, որ ներքին կարգով զգուշացրել են, որ այդ օրվանից մեկնարկելու է արմատական փոփոխությունների փուլ, որոնք ընդգրկելու են ինչպես կադրային տեղաշարժեր, այնպես էլ կառուցվածքային»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու թեկնածուների «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը դատական հայց է ներկայացրել ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար եւ հատուցել պատճառված վնասը: Բանն այն է, որ ԳԱԼԱ-ն մի քանի տեսանյութեր է պատրաստել, որոնցում Բադալյանին ներկայացրել է որպես իշխանության դրածո: Մեզ հայտնի դարձավ, որ իրական պատճառը Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի կողմից կազմակերպված այն հարցազրույցն է, որում նախկին ոստիկանապետ Շ. Թորոսյանը ներկայացնում էր ԳԱԼԱ-ի ղեկավար Վահան Խաչատրյանին որպես իրենց «հաճախորդ»: Հմուտ բալասանյանականն իր «մարդու» միջոցով տեղադրել է այդ հարցազրույցն Ա. Բադալյանի անվամբ գրանցված կայքում, ինչի պատճառով էլ ԳԱԼԱ-ն սկսել է «Ալյանս»-ի դեմ հակաքարոզչությունը: Այսպիսով, իշխանության եւ Բալասանյանի ինտրիգներից մեկն աշխատեց՝ մի ընդդիմադիր ուժի Գյումրիում հանելով մյուսի դեմ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։ Պատճառների եւ կուսակցության հետագա քայլերի մասին «Ժողովուրդը» զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։
– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու մասին՝ նշելով, որ Դուք ենթարկվել եք բռնաճնշումների։ Կարելի՞ է ենթադրել, որ այդ բռնաճնշումները Ձեզ պառակտել են։
– Պառակտվելու խնդիր չկա, ուղղակի կազմակերպչական առումով այլեւս չենք հասցնի որեւէ ձեւով մասնակցել, քանի որ ես էի, այսպես ասեմ, գլխավոր բանակցողը անձերի եւ ուժերի հետ։ Ըստ էության, այդ պրոցեսն էլ է կանգնել, որ ինչ-որ ձեւով միասնական պայքար մղենք, ինչի կողմնակիցն ենք եղել միշտ, խոսքը դրան է վերաբերում։ Գումարած դրան, ըստ էության, մեր նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարել։
– Եթե Դուք համարում եք, որ այս մթնոլորտում հնարավոր չէ մասնակցել ընտրություններին, ապա ինչպե՞ս պետք է մասնակցեք 2017 թվականի ԱԺ ընտրություններին, չէ՞ որ ժամանակահատվածը կարճ է։
– 2017 թվականի հետ կապված որեւէ քննարկում չենք արել, բայց կարելի է հստակ ասել, որ մինչեւ այդ իսկապես շատ բաներ են փոխվելու։ Ակնհայտ է, որ ինչ-որ դինամիկ փոփոխությունների շրջափուլ ենք մտել, նաեւ ինձ համար միանշանակ է, որ եթե դաշինքով մասնակցենք, ապա դա այնպիսի դաշինք պետք է լինի, որը իր մեջ կրում է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, Հայաստանի ազգային պետական շահի պաշտպանության քայլեր, եւ ակնհայտ է, որ Հայաստանը ինքնիշխանության, ազատության, ինքնուրույն որոշումներ կայացնելու դիրքից այնքան է հեռացել, որ պետք է շատ ջանքեր թափի, որպեսզի վերադառնա սուբյեկտայնության աստիճանի, որովհետեւ այս պահին, ցավոք սրտի, օբյեկտ է դարձել Ռուսաստանի ձեռքին։
– Այսինքն՝ հնարավոր է, որ ԱԺ ընտրություններին մասնակցեք դաշինքո՞վ։
– Չենք քննարկել, բայց հնարավոր է՝ գուցե առանձին մասնակցենք, գուցե ընդհանրապես չմասնակցենք, որովհետեւ կարող է քաղաքական դաշտի ճնշումներն ավելի խստանան, ավելի շատ անօրինականություններ լինեն։ Այս մասին դեռ վաղ է խոսել։
– Իսկ ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններին դաշինքով չմասնակցեցիք։ – Գլխավոր բանակցողը ես էի, եւ ինձ ազատազրկեցին։ Կուսակցության ամբողջ ուշադրությունն իր անդամների ազատագրման ուղղությամբ է եղել եւ ոչ թե ՏԻՄ-ի:
– Արդյո՞ք իշխանափոխություն սկսելու համար պետք չէ սկսել հենց ՏԻՄ ընտրություններից։
– ՏԻՄ ընտրություններն ինչ կապ ունեն, եթե ամբողջ բյուջեն գտնվում է մարզպետի ձեռքին, եթե ոստիկանությունը, պետական տարբեր օղակները այդ ճնշումները բանեցնում են։ Ասենք թե մի քանի գյուղապետ եղան, դա ինչ է տալու»: