Նարեկ Մկրտչյանը Հռոմում ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում փոփոխությունները
Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։
Նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․ Նամոյանին։
Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաև միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ․ Արուսյակ Սաճոյանի հետ։
Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարևորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։
Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունն՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։
Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Վատիկան, հանդիպել Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանին։