27.11.2024
ԵՄ դեսպանը հանդիպել է Մեղրիում գործող քաղհասարակության ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. ԻԻՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին:


Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա:


Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:


Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:


Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:


Հայկական կողմը մեծապես կարեւորում է էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը: «Պետք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարեւորագույն հարցերի շարքում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:


ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, եւ Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:


Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխհամագործակցությունը զարգացման ու ընդլայման մեծ ներուժ ունի եւ պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:


«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:


ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները եւ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:


Ալեն Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է նախագահին, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:


Նախագահը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար: