VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ պատրաստվում էր այսօրվա արտահերթ նիստին, որի օրակարգում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարությունն է․ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Երեկ «լռություն էր փոթորիկից առաջ»․ ո՛չ հանրահավաք եղավ, ո՛չ երթ, քանի որ բոլորն աշխատում էին, որ այսօրվա 16.00-ի հանրահավաքը հնարավորինս տպավորիչ ու մարդաշատ լինի։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ը հայտարարել են «ջրբաժանի օր»։ «Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, կա՛մ թշնամու գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, լուրերը, թե Վանեցյանը լքել է շարժումը, կեղծ են․ այսօր նա մասնակցելու է հանրահավաքին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»: Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ էլի մի քանիսը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել։ Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել չգնալ քննարկմանը։ Նախ՝ համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ եւ ազնիվ են։ Առավել եւս, թե հանձնաժողովը կարող է արդար լինել եւ օբյեկտիվ եզրահանգման գալ։ Իսկ իր պատասխաններից եզրակացությունը կարող է լինել միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու եւ հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ «Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ եւ հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու, հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որեւէ հատված Ադրբեջանին տալու եւ Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու՝ Հայաստանի վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։ Բանն այն է, որ օրենքը չի պարտադրում, որ հրավիրյալները ներկայանան քննիչ հանձնաժողով։ Օրինակ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Յուրի Խաչատուրովը չներկայացավ։ Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, նշանակման օրվանից փորձում է կատարել իշխանությունների հրահանգը եւ ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ, որ կարողանան նիստեր հրավիրել՝ կանոնակարգ, հաստիքացուցակ, համայնքի բյուջե հաստատել։ Սակայն քրեական աշխարհի հետ շփումներ ունեցող Ակային դա չի հաջողվում։ Եթե «մարդագողությունը» հաջողվեր, ապա արագությամբ ավագանու նիստ կհրավիրեին եւ կընդունեին համայնքի բյուջեն։ Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելուց հետո դատարանը Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի հայցով մինչեւ հուլիսի 15-ն արգելել է ավագանու նիստերը եւ մերժել է «Ասլանյան դաշինքի» դիմումը՝ նիստ հրավիրելու թույլտվության խնդրանքով։ Բայց քանի որ իշխանությունները թքած ունեն դատարանի եւ օրենքի վրա, ուստի ավագանիում մեծամասնություն ունենալուն պես հրատապ նիստ կհրավիրեին։ Հիշեցնենք, որ «Ասլանյան դաշինքն» ունի 15 մանդատ, 2 մանդատ Վանեցյանի «Հայրենիքինն» են, ՔՊ-ն, ՀԱՍԿ-ը, որով առաջադրվել է Ական, «Ապրելու երկիր»-ը միասին ունեն 16 մանդատ։ «Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ հնարավո՞ր է «դավաճաններ» լինեն՝ իբրեւ թե հանուն համայնքի շահի։ Նա ասաց, որ կես տարի հենց իրենք են գործում հանուն համայնքի շահի, իսկ իշխանությունները վիժեցրել են․ «Մեր խմբակցության բոլոր անդամները լուրջ, պարկեշտ, կրթված, համայնքը հարգող մարդիկ են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել եւ հաշտվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: Եվ, ահա, դեպքից գրեթե մեկ տարի անց կողմերին հաջողվել է համաձայնության հասնել, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ փորձում են ամեն ինչ անել քրեական գործին ընթացք չտալու եւ այն դատարան չուղարկելու համար: Հավելենք, որ այժմ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ նրա որդին ազատության մեջ է: Սա նշանակում է, որ իշխանության թիմում գտնվելու հանգամանքը կարող է քրեական գործ կոծկելու պատճառ հանդիսանալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ. պատճառը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն է: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Կենտրոնական բանկի պահանջով բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ունեցած ՀԴՄ սարքերի վրա պոստ-տերմինալ ակտիվացնել եւ պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն թավշյա հեղափոխությունից հետո»։ Ըստ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ այսօր կա 61 հազար 921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 հազար 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն: «Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին եւ ակտիվացնել պոստ-տերմինալով վճարում ընդունելու հնարավորությունը: 49375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել, որ օրենքի խախտմամբ է, եւ ստիպված են լինելու տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել տնտեսվարողի նկատմամբ: Իսկ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը առաջարկում է պատկան կառույցներին խնդիրը մինչեւ հուլիսի 1-ը կարգավորել, հակառակ դեպքում տնտեսվարողները ստիպված են լինելու անհնազանդության ակցիաներ իրականացնել: «Հենց այդ ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100-150 հազար դրամ վճարել։ Ինքս երեք սարք եմ ձեռք բերել եւ ծախսել 450 հազար դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը եւ եւս 450 հազար դրամով ձեռք բերեմ նոր երեքը»,- վրդովվեց մեր զրուցակիցը։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է կողմնորոշվել՝ ինչ են ուզում պետական կառույցները, այլ ոչ թե ամեն ղեկավար իր քմահաճույքը թելադրի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի Ջրօգտագործողների ընկերությունում կրքերը չեն հանդարտվում։ Մենք գրել էինք, որ մեկ ամիս առաջ ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն է տեղի ունեցել: Ձայների գերակշռությամբ ԺՊ է ընտրվել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը: Գրել էինք նաեւ, որ ընտրության օրը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով այդ նույն ընկերությունում՝ ՋՕԸ-ում, աշխատում է որպես վերահսկողության պետի տեղակալ, ամեն կերպ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, որպեսզի իր թեկնածուին անցկացնի, սակայն չի հաջողվել: Արդյունքում՝ Պետրոսյանները թույլ չեն տալիս, որ Հակոբյանն անցնի իր պարտականությունների կատարմանը․ մինչ օրս «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատանքը պարալիզացված է՝ փակ է տնօրենի աշխատասենյակը, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Նախկին տնօրեն Աբրոյանը, Պետրոսյանի հովանավորությամբ, չի հանձնում կնիքն ու աշխատասենյակը։ Գոռ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի քննություն սկսեն այս դեպքերի հետ կապված, եւ նրա դիմումի համաձայն՝ քրեական գործ է հարուցվել։ «2 օր առաջ, որպես լիազորված անձ, ներկայացել եմ Կոտայքի ՋՕԸ, եւ արձանագրություն ենք կազմել: Աբրոյանին ասացինք, որ ընդունում-հանձնում անի: Աբրոյանը հրաժարվեց՝ ասելով, որ պետռեգիստրով դեռ ինքն է տնօրենը: Մենք ներկայացրել ենք, որ Աբրոյանն ինքնիրավչություն է կատարում՝ հրաժարվում է ընդունումհանձնում անել:
ՋՕԸ-ում ամբողջ աշխատանքը խաթարվել է, աշխատակիցների կեսը գնում է աշխատանքի՝ աշխատավարձ չի ստանում, քանի որ տնօրեն չկա, տնօրենի ԺՊին էլ հնարավորություն չեն տալիս աշխատելու: Իր լիազորություններն է չարաշահել նաեւ վարչխորհրդի նախագահը, ով պարտավոր է կատարել իր պարտականությունները: Վարչխորհրդի անդամները լիազորել են նախագահին, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի Գոռ Հակոբյանի հետ եւ աշխատանքից ազատի Աբրոյանին: Դա չի արվել: Ջրօգտագործողն ո՞ւմ դիմի, որպեսզի ջուր ստանա, եթե այդտեղ խնդիր կա: Առաջնահերթ խնդիրն այն է, որ 2 ամիս է՝ հիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, երկրորդ՝ արդեն ոռոգման սեզոնն է, մարդիկ ջուր պետք է ստանան, որպեսզի իրենց բերքը չփչանա: Եվ վերջապես, մենք գործ ունենք պետական հիմնարկի հետ, մարդիկ լսում են, որ պետության մեջ մի պետական հիմնարկ չի աշխատում՝ աշխատակիցների անբարեխղճության արդյունքում, հեղինակազրկվում է ամեն ինչը:
Վերջապես պաշտոնատար անձինք, ովքեր, մեր պատկերացումով, լիազորությունները չարաշահել են եւ ինքնիրավչություն են կատարել, պետք է ենթակրվեն պատասխանատվության: Վերջիվերջո, օրենքի երկիր ենք մենք դառնում, իսկ օրինականության սկզբունքն ի՞նչ է ասում․ որ օրենքի առջեւ բոլորը հավասար են: Այստեղ մարդիկ փորձում են վեր դասել իրենց օրենքից, մեր պատկերացմամբ՝ դա սխալ է: Դրա համար էլ դիմել ենք ոստիկանություն, եւ քրեական գործ է հարուցվել, եթե չեմ սխալվում՝ Քրեական օրենսգրքի 322 հոդվածով՝ ինքնիրավչություն։ Բայց ես պնդում եմ, որ 308 հոդվածի հատկանիշ էլ կա այստեղ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Թող քննություն անեն, պարզեն իրականությունը, եթե մեղավոր անձինք էլ կան, թող ենթարկվեն պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը: Կոտայքի ՋՕԸ-ի վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, հարուցված քրեական գործի շրջանակում չցանկացավ մեզ հետ խոսել. «Ես ամեն բան ասել եմ հետաքննիչին, կարող եք այնտեղից հետաքրքրվել, իմանալ»: Խնդրեցինք՝ եթե Ձեզ համար դժվար չէ, մեզ եւս ասեք այն ամենը, ինչը քննիչին եք ասել։ «Հիմա աշխատանքի վայրում եմ եւ խիստ զբաղված եմ: Ես գտնում եմ, որ ես շարժվել եմ օրենքով սահմանված կարգով եւ որեւէ լիազորություն չեմ չարաշահել։ Կներեք ինձ»: