Կառավարությունը մի քանի ուղղությամբ քայել էր ձեռնարկում կանխիկ գործարքների ծավալի նվազման նպատակով, որը նպաստելու է նաև ստվերի կրճատմանը:
2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների կանխիկ առք ու վաճառք հնարավոր չի լինի իրականացնել: Այդ մասին կառավարության հունիսի 2-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կանխիկի շրջանառության կրճատումը բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։
«Փաթեթը հուլիսի 1-ից է ուժի մեջ մտնում, և մեր նպատակադրումն ու պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ առք ու վաճառք հնարավոր չի լինի իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Ընդ որում, այսպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս բարեփոխման նպատակը ոչ թե մարդկանց կյանքը բարդացնելն է, այլ հակառակը: «Սրա հետ կապված ունենք լուրջ էֆեկտներ՝ սկսած ֆիսկալ էֆեկտից վերջացրած հակակոռուպցիոն էֆեկտով»,- ասել է վարչապետը` նկատելով, որ անկանխիկի խնդիր կա մասնավորապես առևտրի կետերի հետ կապված։
«Մենք ասում ենք, որ 300 հազար դրամն է այն առավելագույն ծավալը, որ կարելի է կանխիկ առևտուր անել, բայց օրինակ, սուպերմարկետում կարելի է մեկ ժամվա մեջ 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անել մի մարդու կողմից։ Մենք հիմա մեխանիզմներ ենք մշակում, որ նաև սոցիալական էֆեկտներ կարողանանք ունենալ կանխիկի շրջանառության կրճատումից»,- ասաց նա։
Հաջորդը քայլը, որնց ուղղված է կանխիկի շրջանառության կրճատմանը, վերաբերում է կենսաթոշակառուներին:
Վերջերս կառավարության որոշմամբ կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների և վճարումների դեպքում մինչև 10 տոկոս հետվճար է տրամադրվում: Կառավարության այսօրվա նիստում զեկուցվեց, որ արդեն երեք բանկ է միացել է այդ ծրագրին` Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը և ՎՏԲ բանկը։
«Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակներն ստանում, մնացածը՝ ոչ բանկային քարտերով։ Եվ 80 հազար նպաստառուներից դեռ 1000-ն են բանկային քարտերով ստանում։ Կարծում եմ, որ այս որոշման՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո նաև մնացածն էլ կփորձեն անցնել անկանխիկի տրամաբանությանը»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Կառավարության այսօրվա նիստում նաև հայտարարվեց, որ հուլիսի 1-ից Երևան քաղաքի բուժհիմնարկներում բժշկական ծառայություններից օգտվելու համար ամբողջովին անցում է կատարվելու անկանխիկ վճարային համակարգին։ «Հուլիսի 1-ից ամբողջ մի ոլորտ մեծ քայլ է կատարում թափանցիկության և կանխիկի կրճատման առումով»,- ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կանխիկի շրջանառության կրճատումն էական նշանակություն ունի տոկոսադրույքների համար, կարծում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ի վերջո, սա խթանում է մատչելի վարկավորումը՝ թե սպառողական, թե հիպոթեքային, թե բոլոր տեսակի վարկերի դեպքում։ Սա թերևս կարևորագույն արդյունքներից մեկն է, որին պետք է հասնենք»,- կառավարության նիստում ասել է Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով, բարեփոխումների տրամաբանությունը հետևյալն է՝ այս փուլում «մենք ծախսերի սահմանափակումներ ենք անում, որի միջոցով փորձում ենք խթանել անկանխիկը, հաջորդ փուլում կենտրոնանալու ենք կանխիկի աղբյուրի գոյացման վրա»։
«Այսինքն՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզ վաստակն ու եկամուտը մարդ ստանա անկանխիկ։ Հարց է ծագում, եթե այդ մարդը մեկ օրվա ընթացքում սուպերմարկետում 10 անգամ 300 հազար դրամ կանխիկ է վճարում, այդ 3 մլն կանխիկը ո՞նց է իր մոտ հայտնվել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։