Շուտով Հայաստանում բացառվելու է կանխիկ միջոցների օգտագործմամբ անշարժ գույքի եւ ավտոմեքենաների ձեռքբերումը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ մենք օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, որոնց համաձայն, օրինակ, անշարժ գույքի ձեռքբերումը կանխիկ կդառնա անհնար, կամ դա հնարավոր կլինի իրականացնել, բայց հետագայում (սեփականության իրավունքի) բողոքարկման դեպքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքը իրավական ուժ չի ունենա», - հայտարարել է նա: Նման կարգավորում, ըստ վարչապետի, նախատեսվում է ընդունել նաև Ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման գծով։ «Բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով, ինչն իր հերթին լրացուցիչ ֆիսկալ էֆեկտ կապահովի», - հայտարարել է վարչապետը:
Նա նաեւ ընդգծել է, որ իշխանությունները հավատարիմ են մնում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու իրենց մտադրությանը: «Դա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել իրենց ծախսերը։ Համակարգը կներդրվի 2024 թվականին եւ կվերաբերի 2023 թվականի եկամուտներին։ Այդ համակարգը կարևոր նշանակություն կունենա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ու քաղաքակրթական։
Անդրադառնալով այլ բարեփոխումներին՝ վարչապետը հիշեցրել է, որ այս տարվանից ուժի մեջ է մտել գույքահարկի հաշվարկման նոր համակարգը։ Այդ համակարգը, համոզված է նա, էապես կուժեղացնի ՏԻՄ-երը, քանի որ համայնքային բյուջեների հարկային մուտքերը կավելանան։ Մյուս կողմից, դա նաև քաղաքակրթական նշանակություն կունենա, քանի որ ավելի շատ ուշադրություն է դարձվելու «տնտեսական հաշվարկին»։
«Ես նաեւ կցանկանայի ընդգծել մեր վերջերս ընդունված ծրագիրը, որը մենք անվանում ենք ռենովացիայի ծրագիր։ Ծրագիրն ուղղված է քաղաքացիներին իրենց տները վերականգնելու մղմանը։ Ընդ որում, պարտադիր պայմանն այն է, որ ստացված վարկի 30%-ը պետք է ծախսվի էներգախնայողության համակարգի ապահովման վրա։ Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև էներգակիրների գներն անդրադառնում են սոցիալական վիճակի վրա, բայց մենք երբեք չենք հաշվում, թե որքան էներգիա ենք մենք ծախսում մեր բնակարանի ջեռուցման վրա, և որքան է ծախսվում տան արտաքին հատվածի «ջերմամեկուսացման» վրա», - հայտարարել է վարչապետը։