ԵԱՏՄ երկրների ղեկավարները կանցկացնեն կազմակերպության 2022 թվականի առաջին գագաթնաժողովը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) գործընկերների հետ միասին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ «Հնգյակի» տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մեկուկես տասնյակ հարց է ներկայացվել առաջնորդների քննարկմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Ղրղզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Միջոցառումը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը», - ասվում է ղրղզական կողմի հայտարարության մեջ։ Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ նախորդ գագաթնաժողովը նույնպես անցկացվել է տեսահղումով՝ համաճարակի պատճառով։
Նիստը վարելու է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներից բացի, դրան որպես դիտորդներ կմասնակցեն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Կազմակերպությունն ունի ևս մեկ դիտորդ՝ Մոլդովան։
Օրակարգում ընդգրկված է 14 հարց, հայտնել են Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։ Դրանց թվում են «ԵԱՏՄ անդամ երկրների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցները, 2021 թվականի ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման աշխատանքների արդյունքները և ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացումը»։
Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հստակեցվում է, որ պետությունների ղեկավարներին կզեկուցվի 2021 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքի, Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության 2021 թվականի հիմնական ուղղությունների իրագործման մասին:
Կայքում նաեւ նշվում է, որ “ԵԱՏՄ-ի տնտեսական կապերի դիվերսիֆիկացման համար բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաեւ 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման տանող ժամանակավոր համաձայնագրի արձանագրության ուժի մեջ մտնելու հարցը”: