Սեփական մեղքից դիստանցվելու հոգեբանական կախումը Նիկոլին մղում է պարբերաբար «հորինել»
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ Տիեզերքը գրավելը չգիտեմ, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի, բայց հիմա անդրադառնամ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոստացած «բացահայտմանը», որը պիտի վերջնականապես ջնջեր մինչնիկոլյան ժամանակների արցախյան բանակցային ողջ գործընթացն ու մադրիդյան սկզբունքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
"Եւ այսպես՝
Նիկոլն ասում է, որ մադրիդյան սկզբունքներով, որի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, մենք մեր ձեռքով չեղարկել ենք Լեռնային Ղարաբաղում անցկացված ինքնորոշման իրավունքի հանրաքվեն։ Կլասիկ աբսուրդ։
Որովհետեւ, միջազգային պրակտիկայում չկա դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի բացառապես ինքնորոշվող սուբյեկտի որոշման հիման վրա եւ տեղում ստանա միջազգային ճանաչում: Կոսովոյի նախադեպն այլ է, որն ուղղակի պարտադրվել է։
Բանակցային տասնյակ տարիների գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը մեկն էր՝ միջազգայնորեն ճանաչել եւ ամրագրել 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացված եւ հանրաքվեով հաստատված ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ստանալ միջազգային հանրության դե յուրե վավերացումն ու մադրիդյան սկզբունքները միակ քեյսն էր, որով միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Եւ եթե անցկացվեր նոր հանրաքվե, այն, ինչպես եւ արձանագրված էր, անցկացվելու էր ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հովանու տակ, ինչի արդյունքում ունենալու էինք Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված միջանկյալ կարգավիճակ։
Իսկ եթե հանրաքվե չլիներ, ինչի մասին պարբերաբար ասում է Նիկոլը, ապա 5 շրջանների վերադարձից հետո Լաչինն ու Քարվաճառը շարունակելու էին մնալ հայկական, Շուշին ու Հադրութը չէին հանձնվելու թուրքին, չէինք հանձնելու 187 գյուղ՝ Արցախի 72 տոկոսը եւ ամենագլխավորը՝ 5 հազար տղաներ Եռաբլուրում թաղված չէին լինելու։
Ես վստահ եմ, որ ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների եւ իր հպարտ էլեկտորատի՝ Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները, ուստի սեփական մեղքից դիստանցվելու հոգեբանական կախումը նրան մղում է պարբերաբար «հորինել» նորանոր «բացահայտումներ»՝ «Հրայրի գրիչ-2» ժանրի կանոններով»,- գրել է Զոհրաբյանը։