23.11.2024
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն կոմիտեի գործերի ծանրաբեռնվածությունը կթեթևանա

Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների նախաքննությունը պատշաճ եւ որակյալ իրականացնելու հրամայականով պայմանավորված՝ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում:


Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի 40 հաստիք, որից 33-ը՝ քննիչների: «2021 թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է 10-11 գործ, ինչը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների, չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա»,- ասել է նա:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը: «Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասել է փոխնախարարը:


Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ համատեղ, եւ հենց նրանք էլ շահագրգիռ են, որպեսզի նախագիծը ընդունվի՝ իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նկատառումով:


Օրենքի նախագիծը քննարկվել է մայիսի 24-ի ԱԺ հերթական նիստում: