ՀՀ-ում բիոլաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում ամերիկայն աջակցությամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Այդ մասին Գրիգորյանը հայտարարել է կառավարության մայիսի 19-ի նիստից հետո ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան:
ԱԽ քարտուղարը նշել է, որ ի պաշտոնե ինքն է գլխավորում Հայաստանում կենսաբանական անվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խումբը և հիշեցրել ռուս փորձագետների այցի մասին. «Ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են ժամանել Հայաստան և նրանց բարձրացրած բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»:
Հայաստանում առկա բոլոր լաբորատորիաներում, ասել է Գրիգորյանը, աշխատում են ՀՀ քաղաքացիներ, այդ կառույցները գործում են ՀՀ օերնսդրության շրջանակում և միտված են սպասարկելու միայն Հայաստանի շահերը:
«Բացի այդ կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում և մեր ռուս գործընկերների բարձրացրած հարցերը մծտապես ստացել են սպառիչ պատասխաններ», - ասել է Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ վերջերս Հայաստանն ու ՌԴ-ն քննարկել են կեսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր:
Երևանում ՌԴ դեսպանատունը մայիսի 18-ին մեկնաբանել է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը` նկատելով, որ ռուսական կողմն ունի հարցեր կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ:
Հայաստանն ու Ռուսաստանը 2021-ի մայիսին ստորագրել են 2019-ից բանակցվող՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը, որը ենթադրում է ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի հնարավորություն:
Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ (որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ) գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: