Կարեւորում եմ հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Անդրադառնալով խորհրդարանների համագործակցությանը՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է փոխգործակցությունն առավել խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը:
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ Արթուր Հովհաննիսյանը Հայաստանի համար շրջադարձային է համարել մեկ տարի առաջ դրա ուժի մեջ մտնելը. «Այն նոր հեռանկարներ է բացում մեզ համար ոչ միայն Եվրամիության երկրների հետ համագործակցության, այլ նաեւ Չեխիայի հետ փոխգործակցության առումով»: Պատգամավորն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում՝ հաշվի առնելով, որ Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Պատգամավորը հիշեցրել է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում անցկացվում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը:
Հայ խորհրդարանականները խոսել են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում գերեվարված անձանց մասին: Նշվել է, որ ադրբեջանցիները հաճախ վտանգում եւ վերացնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժեքները: Հայ խորհրդարանականներն այդ հարցերում կարեւորել են բարեկամ երկրի՝ Չեխիայի աջակցությունը:
Խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգին, շարունակում է քննարկումները Արցախի կարգավիճակի շուրջ եւ լուծումը պատկերացնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար:
Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահը նշել է, որ նման հանդիպումները նպաստում են երկկողմ կապերի խորացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: Յիրժի Ռուժիչկայի խոսքով՝ իրենք հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների շրջանակում:
Անդրադառնալով ԼՂ տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների պահպանության հարցին՝ չեխ խորհրդարանականը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը կկարողանա մուտք գործել այդ տարածքներ եւ օժանդակել դրանց պաշտպանությանը:
Կողմերը քննարկել են մեդիաոլորտում համագործակցության հնարավորությունները, կարեւորել փորձի փոխանակումը: Ժողովրդավարության զարգացման գործընթացում ընդգծվել է ազատ մեդիայի առկայությունը:
Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում մեդիաոլորտի գերակշիռ մասը պատկանում է ընդդիմությանը, եւ այժմ լրատվամիջոցներն ապաքաղաքականացնելու խնդիր կա:
Պատգամավոր Սոնա Ղազարյանը կարեւորել է մեդիաոլորտի ֆինանսավորման թափանցիկությունը, խոսել ոլորտը կարգավորելու նպատակով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Դավիդ Սմոլյակը ներկայացրել է ոլորտում չեխական փորձը, իրականացվող աշխատանքները:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Մերի Գալստյանը, Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ: