VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետեւից գնալ, եւ քչերին է գաղափարը համախմբում։ Բացի այդ, երբ չկա հստակություն, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը, հրապարակի ուժերն իրենց բոլոր ռեսուրսները չեն օգտագործում։ Իսկ ՀՀ երկու նախագահների քննարկումների, պլանների մասին քչերն են տեղեկացված: Մեզ ասում են, որ կա միայն մի հստակություն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կա կոնսենսուս, որ իրենցից ոչ մեկը չի լինելու վարչապետի թեկնածու, եւ նրանք հակված են հնարավորինս քաղաքականապես չեզոք անձի առաջադրել: Մեզ ասացին, որ քննարկվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն վերջինս իր համաձայնությունը չի տվել, կոմֆորտի սովոր նախկին պաշտոնյան չի ցանկացել պայքարի մեջ մխրճվել եւ լուրջ պատասխանատվություն ստանձնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։ Համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրանց օրինակին դիմելու մտադրություններ ուրիշներն էլ ունեն։ Սակայն դիմումները տեւական ժամանակ է՝ չեն մակագրվում, ու փորձում են ամեն կերպ համոզել, անգամ մեծ պարգեւավճարներ են խոստանում, որպեսզի ոստիկանները հետ վերցնեն ազատվելու դիմումները։ Մեզ հաջողվեց նրանցից երկուսի անունը պարզել․ մեկը մայորի կոչում ունեցող Խաչիկ Թովմասյանն է, մյուսը՝ ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ անելու են քաղաքական իշխանության մակարդակով, որպեսզի կանխեն այդ հրաժարականները, քանի որ դրանք կարող են դոմինոյի էֆեկտով տարածվել ինչպես ոստիկանության, այնպես էլ ուժային այլ համակարգերի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 4-ին, երբ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի տարբեր կամուրջներ փակել էին մեքենաներով, ՀՀ ոստիկանությունը բացեց կամուրջները՝ հաճախ ուրիշի սեփականությունը, գույքը վնասելով: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից պարզաբանում էր պահանջել՝ նշելով. «ՀՀ ոստիկանության աշխատակիցները մի խումբ քաղաքացիների կողմից կամուրջները փակելու ու բողոքի ակցիան կանխելու համար վնասել են ուրիշի գույքը: Ո՞վ է փոխհատուցելու նրանց վնասված գույքի դիմաց»: Ոստիկանությունից ստացել ենք պատասխան «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի երկար-բարակ մեջբերումներով, բայց այդպես էլ հստակ չի հասկացվում՝ կոնկրետ այդ օրը ոստիկանների կողմից վնասված գույքերի համար ով, երբ է փոխհատուցելու քաղաքացիներին: Դատելով պաշտոնական պատասխանից, որը Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանի անունով է փոխանցվել, կոնկրետ դեպքի օրը ոստիկանական գործողությունները քննության առարկա չեն դարձել, եւ չկա հստակ պատկերացում՝ ոստիկանության որ աշխատակիցը ում գույքն է վնասել, եւ, հետեւաբար, ինչ միջոցներով պետք է հատուցվի՝ պետբյուջեի՞ց, թե՞ համայնքային բյուջեի միջոցներից: Միայն կա հուշում, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են վնասի հատուցման պահանջ ներկայացնել դատարան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։ Կանչվում են ինչպես ընդդիմադիր ակտիվիստները, որոնք մասնակցում են երթերին, փողոց են փակում, այնպես էլ պատգամավորներ, օրինակ՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը։ Նպատակն ընդդիմադիրներին վախեցնելն է, ակցիաներից ու փողոց փակելուց առժամանակ կտրելը, քանի որ նրանց որեւէ էական հարց չեն տալիս, ընդամենը «ճշտումներ են» մտցնում։ Գրեթե մեկ տարի գործը սառեցվել էր, հիմա պետք է՝ հիշել են։ Առաջին զոհերից մեկը ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է, որին փողոց փակելու ժամանակ բերման ենթարկեցին, ապա ձերբակալեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործի շրջանակներում։ Պարզվում է, ԱԱԾ-ն որոշ փոփոխություններ է մտցրել հին մեղադրանքի մեջ՝ խստացնելով այն, որ հիմք ունենան կալանքի միջնորդություն ներկայացնելու դատարան։ Մայիսի 3-ին դատարանը մերժել էր Գ․ Վարդանյանին կալանավորելու մասին քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը, ուստի քննիչը գրավ էր կիրառել՝ 60 մլն դրամի չափով: Քանի որ գրավի չափը շատ մեծ է եղել, Գերասիմը չի կարողացել մուծել, այսինքն՝ հատուկ է նման անհամաչափ գումար սահմանվել։ Դրանից հետո կալանավորելու չորրորդ միջնորդությունն է ներկայացվել դատարան եւ մակագրվել է 2018-ի հեղափոխության օրերին Փաշինյանի համար թմբուկ խփած դատավոր Դավիթ Արղամանյանին, որը բավարարել է 2018-ի հեղափոխությանը միացած քննիչ Նավոյանի միջնորդությունը, բայց 2 ամսվա փոխարեն 1-ամսյա կալանք է նշանակել»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, եթե բարձր աշխատավարձ ստացող պետական գերատեսչությունների աշխատակիցներին դեռ հաջողվում է զսպել ու լռեցնել, որպեսզի չմիանան ընդդիմության փողոցային պայքարին, ապա կրթական ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է: Ճիշտ է, քննական շրջանով պայմանավորված` մեծ թվով ուսանողներ դեռ չեն միացել պայքարին, բայց նրանց փոխարեն` պրոֆեսորադասախոսական կազմն է օր օրի ավելանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողների շարքերում: Ընդ որում` մեզ հասած լուրերի համաձայն, առաջիկայում տհաճ անակնկալներ են սպասվում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնված 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Իշխանական պատգամավորներն այս օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են նախկինների թիկնապահներին, ծեծուջարդերը, ապօրինությունները՝ այդպես փորձելով հասարակության մեջ վատ հիշողություններ արթնացնել՝ երկարաձգելով իրենց իշխանությունը: Պարզվում է, սակայն, հետհեղափոխական Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են մերժված բարքերը՝ բանդաներով քաղաքացիների են ծեծում եւ մնում անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ ոռդ… Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»: Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հաղթել էր Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, եւ ՔՊ-ն չի ցանկանում նրա հետ աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է դիմում՝ ծեծի ահազանգով, որտեղ քաղաքացի Դավիթ Սարգսյանը նկարագրել է. «06.03.2022 թվականին՝ մոտավոր 12:30-ին, խանութ են մտնում Զուլոյան Կարենը, էրիկը եւ Հայկը: Զուլոյան Կարենը պահանջեց՝ չշարժվեմ, հակառակ դեպքում կկրակի, եւ զենքի նմանվող առարկան պահեց ինձ վրա: 3-4 րոպե տեւած բանակցությունները տվեցին արդյունք. իջեցրեց զենքը: էրիկն ու Հայկը հարվածում էին մարմնիս տարբեր հատվածներին, Կարենը ոտքով էր հարվածում, ոնց որ վիրժառու լիներ, որից հետո հաջորդեց Կարենի զրույցը, թե «ֆեյք» էջ ես բացել ու քրֆում ես սաղին»: Եվ այլ ուշագրավ մանրամասներ է նա պատմել, թե ինչպես են վերցնում նրա համակարգիչը եւ հեռանում, որից հետո կրկին այլ հանդիպման են կանչում ու կրկին ծեծի ենթարկում: Ի դեպ, առաջին դեպքի ժամանակ Դավիթ Սարգսյանը արդեն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տալիս հանցագործության մասին:
ՀՀ դատախազությունից օրաթերթին տեղեկացրին՝ հաղորդման առթիվ ՀՀ քր. օր. 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննվում է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Դ. Սարգսյանը ճանաչվել է տուժող: Այս պահին գործը պահանջվել է մարզի դատախազությունում, դրա արդյունքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում է տրվելու վարույթն իրականացնող մարմնին: Նշենք, որ այս դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ նրա բանդան ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ աջակցություն են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որը նշեց. «Այդպիսի դեպք չի եղել, ես նման մարդ չեմ էլ ճանաչում»: Իսկ Դավիթ Սարգսյանին երբ հարցրինք դեպքի մասին, կտրուկ հրաժարվեց խոսել՝ ասելով, թե մեզ այդ թեմայով ասելիք չունի, եւ անջատեց հեռախոսը: Հուսանք՝ իրավապահները կշտապեն քննել այս գործը եւ պատժել բանդայի անդամներին ու պարագլխին, քանի որ ակնհայտ է՝ քաղաքացի Դավիթ Սարգսյանի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ, եւ նա ակնհայտորեն խուսափեց խոսել դեպքի մասին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա դեպքի վերաբերյալ Դավիթ Սարգսյանի՝ իրավապահներին հասցեագրված ողջ պատմությունը, թե ով ինչ է արել»: