24.11.2024
ՌԴ նախագահը պարգևատրել է Էդվարդ Նալբանդյանին
prev Նախորդ նորություն

Դատարանը հրաժարվեց կալանավորել Սերգեյ Միրոնովին

Քիչ առաջ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ազատ արձակվեց Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից: Դատարանն այսօր որոշում կայացրեց մերժել դատախազության միջնորդությունը՝ կալանավորել Միրոնովին մինչև 40 օր ժամկետով:

Հիշեցնենք, ՌԴ քաղաքացին բերման էր ենթարկվել ուրբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանից: Համաձայն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Միրոնովի նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզում է հայտարարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից փողերի լվացման, զենքի արտահանման կասկածանքով:

Նախքան որոշման հրապարակումը Միրոնովը նիստերի դահլիճում լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ մեղադրանքներն իր համար հանելուկ է և հույս հայտնել, որ խնդիրը շուտափույտ կլուծվի: Այլ մեկնաբանություններից նա հրաժարվել էր:

Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ դատարանը մերժում է դատախազության միջնորդությունը՝ մինչև 40 օր ժամկետով Միրոնովին կալանավորելու մասին: Նաև տեղեկացրել, որ այս որոշումը կարող է բողոքարկվել դատախազության կողմից հնգօրյա ժամկետում: Միրոնովն ազատ է արձակվել դատարանից:

Ավելի վաղ ՌԴ քաղաքացու փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը բերման է ենթարկվել ամերիկյան կողմի խախտումներով, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի Միրոնովն արտահանձնվի ոչ Ռուսաստանին, ոչ թե ԱՄՆ-ին: Հղում անելով Ինտերպոլին փաստաբանը նաև ասել էր, որ կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղում որևէ տեղեկատվություն չկա այն մասին, որ Միրոնովը գտնվում է հետախուզման մեջ չկա: