Ռուսաստանը, Ուկրաինայում իր հատուկ գործողությամբ, կանխարգելիչ հակահարված տվեց իր դեմ ծրագրված ագրեսիային։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում զորահանդեսի ընթացքում ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, չնայած միջազգային հարաբերություններում առկա բոլոր տարաձայնություններին, Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար։
«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկել էինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Ռուսաստանը կոչ արեց Արեւմուտքին ազնիվ երկխոսության, ողջամիտ, փոխզիջումային լուծումներ փնտրելու, միմյանց շահերը հաշվի առնելու։ Ամեն ինչ ապարդյուն։ ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան մեզ լսել, ինչը նշանակում է, որ իրականում նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին։ Եվ մենք դա տեսանք։
Բացահայտորեն, նախապատրաստական աշխատանքներ էին տարվում Դոնբասում հերթական պատժիչ գործողության՝ մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ ներխուժելու համար։ Կիևում հայտարարեցին միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին։ ՆԱՏՕ-ի դաշինքը սկսել է մեզ հարակից տարածքների ակտիվ միլիտարիզացիա։
Այսպիսով, մեզ համար բացարձակապես անընդունելի սպառնալիք է ստեղծվել, ընդ որում՝ անմիջապես մեր սահմաններին։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ անխուսափելի կլիներ բախումը նեոնացիստների հետ, որոնց վրա խաղադրույք էին անում Միացյալ Նահանգները և նրանց կրտսեր գործընկերները:
Կրկնում եմ՝ մենք տեսել ենք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։ Ամեն օր վտանգը մեծանում էր։
Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշում էր։ Ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, սկսեց խոսել իր բացառիկության մասին՝ դրանով իսկ նվաստացնելով ոչ միայն ամբողջ աշխարհին, այլև իր արբանյակներին, որոնք պետք է ձևացնեն, թե ոչինչ չեն նկատում և հեզորեն կուլ են տալիս այդ ամենը։
Բայց մենք ուրիշ երկիր ենք։ Ռուսաստանն այլ բնավորություն ունի: Մենք երբեք չենք հրաժարվի հայրենիքի հանդեպ սիրուց, հավատից ու ավանդական արժեքներից, մեր նախնիների սովորություններից, բոլոր ժողովուրդների ու մշակույթների հանդեպ հարգանքից։
Իսկ Արեւմուտքում հազարամյա այս արժեքները, ըստ երեւույթին, որոշել են չեղարկել։ Նման բարոյական դեգրադացիան հիմք դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ցինիկ կեղծիքների համար՝ հրահրելով ռուսաֆոբիա, գովաբանելով դավաճաններին, ծաղրելով նրանց զոհերի հիշատակը։
Մենք գիտենք, որ ամերիկացի վետերաններին, ովքեր ցանկանում էին գալ Մոսկվայի շքերթին, փաստացի արգելեցին դա անել: Բայց ուզում եմ, որ իմանան, որ մենք հպարտանում ենք ձեր սխրանքներով, ընդհանուր Հաղթանակի ձեր ներդրումով։
Մենք հարգում ենք դաշնակից բանակների բոլոր զինվորներին՝ ամերիկացիներին, բրիտանացիներին, ֆրանսիացիներին, դիմադրության մասնակիցներին, Չինաստանի խիզախ զինվորներին և պարտիզաններին, բոլոր նրանց, ովքեր հաղթեցին նացիզմին և միլիտարիզմին»,- ասել է Պուտինը։