Բորելն առաջարկել է բռնագանձել ՌԴ սառեցված պաշարները՝ Ուկրաինան վերականգնելու համար
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է դիտարկեն ռուսական սառեցված արժութային պահուստների դուրսբերման հարցը՝ այդ միջոցներն ուղղելու Ուկրաինայի վերականգնմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի Կենտրոնական բանկին պատկանող միլիարդավոր դոլարների ակտիվները՝ մասամբ ահաբեկչության զոհերի հնարավոր փոխհատուցման, ինչպես նաև երկրին մարդասիրական օգնության համար, և որ նմանատիպ քայլեր կարելի է դիտարկել Ռուսաստանի պահուստների հետ կապված։ «Ես կասեի այո, քանի որ դա շատ տրամաբանական է», - ասել է Բորելը Financial Times-ին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի վերակառուցման ֆինանսավորման հարցը առանցքային քաղաքական խնդիրներից մեկն է՝ հաշվի առնելով «անհավանական գումարը», որը պետք է ներգրավվի։ ԵՄ պաշտոնյաներն արդեն ուսումնասիրել են, թե արդյոք Ռուսաստանի պաշարները կարող են ինչ-որ կերպ օգտագործվել Ուկրաինան վերականգնելու համար, սակայն Բրյուսելը մինչ այժմ առաջարկներ չի արել այդ հարցում:
Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր, որ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով սառեցվել է Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներից մոտ 300 մլրդ դոլար։